«Ինչպես չամուսնանալ». էքսցենտրիկ կատակերգություն՝ մեկ շնչով դիտելու համար
- Elen Hovsepyan
- 5 hours ago
- 1 min read
Ո՞վ ասաց, թե ընտանիք կազմելը միայն սիրո հարց է։ Երբ մայրերը ներգրավված են՝ խաղն այլևս չի լինում կանոններով։
Էքսցենտրիկ գործողությունների ու անսպասելի շրջադարձերի մեջ մենք ականատես ենք դառնում մի տարօրինակ պայքարի, որտեղ հաղթողներ չկան, բայց ծիծաղն անսպառ է։
Դուստրը՝ ազատասեր, անկախ ու ժամանակակից, պատրաստ է դիմակայել բոլոր ճնշումներին՝ սուրճի բաժակի տակ դրված հարսնացուի լուսանկարից մինչև մայրիկի «պատահաբար» հրավիրված թեկնածուները։ Իսկ խորամանկ մայրը, գործում է ինչպես լավ ռեժիսոր՝ բեմադրելով իրավիճակներ, ներգրավելով երրորդ դեմքերին ու փորձելով իր դստերը տանել դեպի «երջանկություն»՝ ամուսնության ձևով։
Բայց որքան խորամանկ է մայրը, նույնքան համառ է դուստրը։ Եվ այս պայթյունավտանգ դինամիկան հանգեցնում է մի ներկայացման, որտեղ ոչինչ պլանի համաձայն չի ընթանում։ Բոլորը փորձում են ինչ-որ բան շտկել, իսկ արդյունքում՝ միայն ավելացնում են քաոսը։
Լարիսա Ղևոնդյանը և Հասմիկ Մխիթարյանը ստեղծում են մի բեմական դուետ, որն իր անսպասելիությամբ, լարվածությամբ ու հումորի դիպուկությամբ կլանում է հանդիսատեսին առաջին վայրկյանից։
Այս ներկայացումը չի սովորեցնում, թե ինչպես չամուսնանալ։ Բայց այն հստակ ցույց է տալիս, թե ինչ է լինում, երբ մեկը չափից շատ է ուզում, իսկ մյուսը՝ չափից շատ է մերժում։
Եվ երբ վարագույրը իջնում է, մնում է ընդամենը մի միտք՝
«Իսկ միգուցե սերը ընտրության հարց չէ՞, այլ ազատության»։
«Ինչպես չամուսնանալ»-ն էքսցենտրիկ կատակերգություն է՝ մեկ շնչով դիտելու համար։ Հեղինակ՝ Միխայիլ Հեյֆեց:
Թարգմանությունը՝ Կարո Վարդանյանի
Բեմադրիչ՝ Գոհար Փոքրիկյան
Նկարիչ՝ Աննա Գրիգորյան
Դերերում՝ Լարիսա Ղևոնդյան, Հասմիկ Մխիթարյան: