Ուկրաինան և Միացյալ Նահանգները համակարգել են իրենց դիրքորոշումները
- Elen Hovsepyan

- Aug 5
- 1 min read

Երեքշաբթի՝ օգոստոսի 5-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։
Զելենսկու խոսքով՝ զրույցի հիմնական թեման ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն էր։
Նա նշել է, որ Ուկրաինան և Միացյալ Նահանգները համակարգել են իրենց դիրքորոշումները ռազմաճակատում ստեղծված իրավիճակի համատեքստում։ Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփը տեղեկացվել է Կիևի և Ուկրաինայի այլ շրջանների վրա ռուսական հարվածների մասշտաբների և հետևանքների մասին։
Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությանը։ «Նրանց տնտեսությունը շարունակում է անկում ապրել, և այդ պատճառով Մոսկվան հաշվի է առնում նոր պատժամիջոցների հեռանկարը և նախագահ Թրամփի վճռականությունը։ Սա կարող է շատ բան փոխել», - նշել է Զելենսկին։
Զրույցի ընթացքում քննարկվել է նաև Ուկրաինային միջազգային աջակցությունը։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Նիդերլանդներին, Շվեդիային, Նորվեգիային և Դանիային՝ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար ամերիկյան զենք գնելու համար մեկ միլիարդ դոլարից ավելի տրամադրելու որոշման համար։ «ՆԱՏՕ-ի երկրների հետ այս փոխգործակցությունը կշարունակվի»,- ընդգծել է նա։
Զրույցի թեմաներից մեկը Կիևի և Վաշինգթոնի միջև պաշտպանական երկկողմ համագործակցության զարգացումն էր։ Զելենսկին ասել է, որ ուկրաինական կողմը պատրաստել է անօդաչու թռչող սարքերի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի նախագիծ և պատրաստակամություն է հայտնել քննարկելու այն։ «Կարող է կնքվել ամենաուժեղ գործարքներից մեկը»,- նշել է Ուկրաինայի նախագահը։




















