top of page

Սառցե շոու՝ նվիրված Արցախի հերոս Ալեն Մարգարյանին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 29
  • 1 min read
ree

Դեկտեմբերի 20-ին և 21-ին Երևանում կանցկացվի գեղեցիկ սառցե շոու-ծրագիր, որը կոչվում է «Ալենի կախարդական հեքիաթը» և նվիրված է Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանակիր Ալեն Մարգարյանի հիշատակին։ 

Սառցե շոուի ձևաչափը պատահական չէ ընտրված։ Ալենի մայրիկը՝ «Ալեն Մարգարյան» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր Նազելի Տերտերյանն ասում է՝ մանկուց սիրահարված է գեղասահքին․ «Կասեմ ավելին՝ գեղասահքով զբաղվելը իմ չիրականացած երազանքներից է: Եվ ներկայացավ իմ երազանքն ու Ալենի ստեղծագործությունը միավորելու հիանալի առիթ: Հատկանշական է այն, որ մինչ այս հայ հանդիսատեսի դատին են հանձնվել սառցե ամանորյա շոուներ, որոնց հիմքում եղել են այլազգի ստեղծագործողների աշխատանքներ, իսկ այս շոուով, հայ մշակույթի մեջ առաջին անգամ հայ հեղինակի ամանորյա պատմությունը կվերածվի սառույցի վրա մի գունեղ և չքնաղ ներկայացման: Կարծում եմ, դա ուղղակի հրաշալի է»,-ասում է Նազելի Տերտերյանը։ 

Նա նաև հավելեց, որ համանուն հեքիաթի մոտիվներով նկարահանվում է մուլտֆիլմ՝ Սոյուզմուլտֆիլմի կողմից, և չի բացառվում, որ առաջիկա տարիներին Ալենի հեքիաթներից շատերը դառնան գեղեցիկ ներկայացումներ կամ մյուզիքլներ:


«Ալեն Մարգարյան» բարեգործական ՀԿ-ն հիմնվել է Նազելի Տերտերյանի կողմից՝ ի հիշատակ որդու՝ Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանակիր Ալեն Մարգարյանի: Այն արդեն 4 տարի գործում ու հարյուրավոր ծրագրեր է կյանքի կոչում։ Ուսումնատենչ ու շնորհալի երիտասարդները գտնվում են բարեգործական ՀԿ-ի ուշադրության կենտրոնում և նրանցից շատերը «Ալենյան» կրթաթոշակների շահառու են։ ՀԿ-ի մշտական ուշադրության կենտրոնում են նաև հաշմանդամություն և հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներն ու նրանց ընտանիքի անդամները։ 

ՀԿ-ի հովանավորությամբ և նախաձեռնությամբ կյանքի են կոչվել Ալենի անունն ու գաղափարախոսությունը կրող բազմաթիվ կրթամշակութային ծրագրեր, այդ թվում՝ «Իմ Ընկեր Ալենը» համադպրոցական ընթերցանության մրցույթը: ՀԿ-ի ֆինանսական միջոցներով և ջանքերով հիմնադրվել է ԸՆԹԵՐՑԱՍԵՐԸ պուրակը, որտեղ էլ տեղադրվել է ԳՐՔԱՍԵՐԸ քանդակը։ Ընթերցանությունը ՀԿ-ի կողմից խրախուսվում է նաև գրքերի նվիրատվությամբ։ Հանրապետության դպրոցներն ու գրադարանները հարստացել են հերոսի և այլ երիտասարդ ստեղծագործողների հազարավոր գրքերով։

 
 
1/2546
bottom of page