top of page

Մաքրվում ենք արդեն, մեռելը թաղել ենք, մենք էլ մտածենք ապրելու համար. Կիրանցում հեռացնում են գյուղի մուտքի արծվի արձանը

Կիրանցում, կամուրջից 100 մետր դեպի գյուղ, գետի մոտ դրված սահմանազատման սյուներից մեկը գետը քշել տարել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Կիրանցի բնակիչներից մեկը` նշելով, որ ոչ սյունը կար,  ոչ էլ այն հսկող երկու ծառայողները:

«Ամենայն հավանականությամբ սյունը դեռ օրեր առաջ է քշել տարել, երբ Դեբետ եւ Աղստեւ գետերը վարարել էին: Դա գյուղին ամենամոտիկ սյուներից մեկն էր»,-ասաց նա: Կիրանցեցին նշեց, որ թեեւ սահմանազատումը իրականացվել է, սակայն այդ հատվածում դեռ ադրբեջանցիներ չեն տեղակայվել, սպասում են` այլընտրանքային ճանապարհը կառուցվի:


«Որ տեղակայվեն արդեն տներից 100 կամ 50 մետր հեռավորության վրա են լինելու ու դժվար է այդ իրավիճակում կռահել, թե ինչ որոշում կկայացնի գյուղացին, մնա գյուղում, թե` հեռանա»,- հավելեց նա: Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանն էլ NEWS.am-ին հայտնեց, որ այս պահին հեռացնում են Կիրանցի մուտքի մոտ տեղադրված հանրահայտ արծվի արձանը:

«Մաքրվում ենք արդեն, էլ անելու բան չկա, մեռելը թաղել ենք, մենք էլ մտածենք ապրելու համար: Դեռ բնակիչները չեն լքում գյուղը, բայց պետք է հասկանանք` ինչ ենք անում, դեռ ոչ մի բան չենք հասկանում: Այլընտրանքային ճանապարհ են սարքում, ադրբեջանցիները դեռ չեն իջել լիարժեք այդ երեք կետի մոտ, դեռ հին ճանապարհը աշխատում է, երեւի մինչեւ հուլիսի 24-ը այլընտրանքային ճանապարհը սարքեն, նոր կիջնեն»,-ասաց նա:

Նշենք, որ օրեր առաջ Փաշինյանը այցելել էր գյուղ, ցանկացել հանդիպել գյուղացիների հետ, սակայն կիրանցեցիները շատ վատ էին ընդունել նրան, դրսում  մեղադրանքներ էին հնչեցրել, հրաժարվել հանդիպել դպրոցի շենքում:  Կիրանցի բնակիչներից շատերը նաեւ հրաժարվել են կառավարության փոխհատուցումից` իրենց տների, շինությունների կամ հողատարածքների համար:

Kommentare


bottom of page