Ընդդիմությունն է սա կոչում թանկացում, հասարակությունը պատրաստ է վճարել այնքան, որքան որ պետք է վճարի․ Երևանի փոխքաղաքապետը՝ տրանսպորտի սակագնի մասին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել է՝ տրանսպորտի թանկացման նախագիծն իրականում «բարեփոխման նախագիծ է», և միայն ընդդիմությունն է այն թանկացում համարում, հասարակությունը այդպես չի համարում։
«Ես նախագիծը կկոչեի տրանսպորտի բարեփոխման, ոչ թե թանկացման նախագիծ։ Ցանկացած բարեփոխում, որը պատշաճ և արժանախատիվ ծառայություններ է մատուցելու մեր քաղաքացիներին, բնականաբար, սակագնի մեջ որոշակի փոփոխություն կլինի»,- ասել է Փամբուխչյանը։
Հասարակության հետ շփումների արդյունքում Փամբուխչյանը եզրակացրել է՝ պատրաստ են ավելին վճարել։
«Հասարակության հետ շփվում ենք, մարդկանց հետ շփվում ենք, և մարդիկ պատրաստ են պատշաճ տեղափոխման համար վճարել այնքան, որքան որ պետք է վճարեն»,- ասել է նա։