top of page

«Լրացուցիչ ամրագոտի է»․ Օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը կրկին Վրաստանի խորհրդարանում է

Վրաստանում իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության խմբակցությունը  «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը կրկին   ներկայացրել է խորհրդարանին, այն ընդունվելու դեպքում, ըստ Վրաստանի փոխպվարչապետ  և մշակույթի նախարար Թեյա Ծուլիկիանիի, երկիրը կամրապնդի իր անվտանգությունը։

«Վերջին մի քանի տարիների ընթացքում Վրաստանը նմանվել է օդանավի, որը թռչելիս ցնցվում է   վատ եղանակի պատճառով։ Դա Ուկրաինայում պատերազմից շատ ավելի առաջ է սկսվել։ Մեր երկիրն արդեն մի քանի տարի է՝ այս վիճակում է, և մեզ անհրաժեշտ են լրացուցիչ ամրագոտիներ։ Հենց այս ֆունկցիան էլ կատարելու է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը»,- ասել է Ծուլիկիանին՝ հավելելով, որ հասարակությունը իրավունք ունի տեղեկանալու՝ կոնկրետ ո՛ր ոչ կառավարական կազմակերպություններն են հակավրացական գործունեություն ծավալում  և հրաժարվում են թափանցիկ գործելաոճից։

«Նրանք, ովքեր թաքցնելու ոչինչ չունեն, հանգիստ են։ Ֆինանսական թափանցիկությունը պետք է լինի ամենակարևորը բոլորի համար։ Միակ ոլորտը, որտեղ ֆինանսական թափանցիկություն չկա, ոչ կառավարական կազմակերպությունների ոլորտն է»,- ասել է նա։

Նշենք, որ «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը խորհրդարանում առաջին անգամ ներկայացնելուց հետո բողոքի մասսայական ցույցեր էին սկսվել Վրաստանում։ Երկրում իշխող կուսակցության խմբակցությունը հայտարարել է, որ օրենքի նախագծի տեքստը նույնն է մնացել, սակայն այնտեղից հանվել է «օտարերկրյա ազդեցության գործակալ» տերմինը։ Դրա փոխարեն կիրառվել է «օտարերկրյա տերության շահերը հետապնդող կազմակերպություն» ձևակերպումը։ Օրենքի ընդունման դրդապատճառ է համարվում օտարերկրյա ֆինանսավորում ունեցող ՀԿ-ների կողմից իրենց ֆինանսները թաքցնելու փաստը։ Իշխանությունը հենց այս կազմակերպություններին է համարում Վրաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերի  հիմնական  կազմակերպիչներ։


1/1871
bottom of page