Հայտնի է, թե որ դատավորին է մակագրվել Արագածոտնի թեմի 60-ամյա կին հաշվապահի կալանքի քննությունը
- Elen Hovsepyan

- Oct 16
- 1 min read

Երևանի քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր՝ ժամը 15.30–ին կմեկնարկի Արագոծոտնի թեմի առաջնորդարանի հաշվապահ, 60-ամյա Նաիրա Ալավերդյանի կալանքի միջնորդության քննությունը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, ինչպես նաև հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ 3 անձ՝ այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանը, ձերբակալվել են։
Արդեն այսօր Մկրտիչ Սրբազանը 2 ամսով կալանավորվել է, իսկ Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը կալանավորվել է 1 ամսով։
Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:
Քննչական կոմիտեն վարույթը նախաձեռնել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա, որն առնչվում է Հանրայինի եթերում Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի հայտարարությանը: Քահանան ասել էր, որ 2021-ի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով: Համարելով, որ հանրահավաքին մասնակցելու պարտադրանքը Քրեական օրենսգրքով նախատեսված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» խնդրել էր քննել այն:




















