Լը Պենը խայտառակություն է համարել իր լուսանկարի հրապարակումը ՌԴ ԱԳՆ էջում
- Elen Hovsepyan

- Jul 4, 2024
- 1 min read

«Ազգային միավորում» ուլտրաաջ կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդ Մարին լը Պենը Ռուսաստանին մեղադրել է սադրանքի եւ Ֆրանսիայի գործերին միջամտելու մեջ իր լուսանկարը ՌԴ ԱԳՆ X սոցցանցի էջում հրապարակվելուց հետո։
Դիվանագիտական ներկայացուցչության գրառման մեջ նշվել է, որ «Ֆրանսիայի ժողովուրդը ձգտում է ինքնիշխան արտաքին քաղաքականության, որը կհամապատասխանի նրա ազգային շահերին, եւ ցանկանում է ազատվել Վաշինգտոնի եւ Բրուսելի թելադրանքից»։
TF1 ալիքի հեուստավարը լը Պենին հարցրել է, թե արդյոք նրա կուսակցությունը Ռուսաստանից աջակցություն է ստացել Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների համատեքստում՝ նշելով լուսանկարի հրապարակման մասին։ Ի պատասխան՝ քաղաքական գործիչը հայտնել է, որ պատասխանատվություն չի կրում ՌԴ իշխանությոնների հայտարարությունների համար, բայց վրդովմունք է հայտնել լուսանկարի առիթով։
«Երբ այսքան ցուցադրական եւ սադրիչ թվիթ է արվում, դա կարելի է գնահատել որպես միջամտության ձեւ Ֆրանսիայի գործերին»,- ընդգծել է նա։ Նրա կարծիքով, եթե ՌԴ իշխանությունները շահագրգռված լինեին իր կուսակցության հաղթանակով, ապա նման հրապարակում չէին անի։ Նա ավելացրել է, որ ընտրարշավի ընթացքում ինքը եւ կուսակցության ներկայացուցիչները «բավական հստակ հայտնել են իրենց աջակցությունն Ուկրաինային»։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ լը Պենի հիմնած «Ազգային միավորում» կուսակցությունը հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով 33 տոկոս ձայն։ Երկրորդ տեղում ձախերի «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն է (28 տոկոս), նախագահ Մակրոնի կոալիցիան երրորդն է՝ 20 տոկոս։ Երկրորդ փուլը նշանակված է հուլիսի 7-ին։




















