top of page

Նա հիմա ավելի վտանգավոր է, մենք չենք հանդուրժի, որ ազատության մեջ մնա. Ելենա Աղաջանովան՝ Մհեր Ենոքյանի մասին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 hours ago
  • 2 min read
ree

Օրեր առաջ 29 տարի անազատությունից հետո ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց։ Նրան մեղադրանք էր առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ 

Ենոքյանը 1996-ի նոյեմբերի 29-ին դատապարտվել էր մահապատժի։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը կատարել էր ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը: 2003-ին, երբ մահապատիժը վերացավ Հայաստանում, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։

Իր համակուրսեցուն դաժանաբար սպանած Մհեր Ենոքյանի ազատ արձակման լուրը մեծ վրդովմունք ու անարդարության զգացում է առաջացրել Իոսիֆ Աղաջանովի ընտանիքի անդամների մոտ։

«Իհարկե, մենք դեմ ենք դատարանի այս որոշմանը, մենք համարում ենք, որ ոչ մի պարագայում ինքն ազատության մեջ չպիտի լինի, ու կապ չունի՝ 29 տարի է նստել, թե՝ 50։ Ինքն իրավունք չպիտի ունենար բանտից դուրս գալու։ Էն, որ ինքն ազատ ռեժիմում էր տանում կալանքը, ամբողջ օրը դուրս էր գալիս, վեց ամսվա մեջ համարյա 100 օր արձակուրդ ուներ, արդեն իսկ մեծ ճոխություն էր իր համար, և միանշանակ, ինքը չպետք է ազատ արձակվեր»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան։

Նրա խոսքով՝ եթե նման մարդասպանը կարող է ազատ արձակվել, ապա կարելի է դատարկել բոլոր բանտերը, մյուս մարդասպաններին էլ ազատ արձակել։

«Եթե այդպես է, պիտի մյուսներին էլ ազատ արձակեն, ասեն՝ լրացավ քսան տարին, դուք ազատ եք։ Շատ մարդասիրական երկիր ենք մենք, սաղ հարցերը լուծել ենք, մնացել է դա»,- հեգնանքով նշեց սպանվածի քույրը։

Ելենա Աղաջանովայի խոսքով՝ դատավորի որոշումը թե՛ զայրացնող է, թե՛ զարմացնող։

Դիտարկմանը, որ մի շարք հանգամանքներ է հաշվի առել դատարանը՝ Ենոքյանի վարքը, կրթությունը, Ելենա Աղաջանովան արձագանքեց՝ այդ առումով ինքը պետք է շնորհակալ լինի պետությանը, որ էդ հնարավորություններն իրեն տրվել են։

«Մարդը, որ մեկ ուրիշին է կյանքից զրկել, հնարավորություն է ունեցել կյանքի բարիքներից օգտվելու, ուզել է՝ գնացել է սովորելու, գիրք է գրել, միջոցառումների գնացել, ամուսնացել է։ Բայց այդ ամենը հաշվի առնելով ասել, որ նա փոխվել է, ո՛չ։ Ինքն ուղղակի օգտվել է տրված շանսերից, և շատ ու շատ մարդկանցից էլ ավելի շատ կյանքի վայելքներ է ունեցել պետության հաշվին։ Բայց ես վստահ եմ՝ ոչ ոք չի փոխվում, մարդը չի փոխվում, դա ուղղակի հնարավոր չէ, ուղղակի ինքն ավելի է կատարելագործվել, ավելի հնարամիտ է դարձել»,- նկատեց նա։

Ելենա Աղաջանովան տեղեկացրեց, որ իրենք Վերաքննիչ դատարան են դիմելու, որ արդարությունը վերականգնվի, իրենք չեն կարող հանդուրժել, որ մարդասպանը մնա ազատության մեջ։

«Ես չեմ ուզում, որ նա երիտասարդների հետ շփվի, պատկերացնո՞ւմ եք՝ հիմա որքան է կատարելագործվել, հատկապես, որ հոգեբանություն է ուսումնասիրել անազատության մեջ։ Եթե նա 20 տարեկանում կարողացել է այդպիսի սպանություն ծրագրել, 50-ում, պատկերացրեք, թե ինչեր կանի։ Եթե նա ազատության մեջ մնա, իր անունը դեռ կլսենք։ Նա իրոք վտանգավոր մարդ է, ու ես դեմ եմ, որ որևէ նման մարդասպան ազատության մեջ հայտնվի։ Պլանավորած սպանություն իրականացնողներից ոչ ոք չպետք է ազատության մեջ լինի»,- ամփոփեց խոսքը Ելենա Աղաջանովան։

Նշենք, որ դատարանը 2023 թվականից ի վեր երեք անգամ մերժել է Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատել:

Նարե Գնունի

1/2258
bottom of page