top of page

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի կարևոր նախադրյալ դառնալ»․ Բուրիչը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին, հայտնում են կառավարությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Վարչապետը ողջունել է տիկին Բուրիչի այցը Հայաստան և կարևորել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵԽ 2023-2026 թթ Գործողությունների ծրագրի կատարման ընթացքին ու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի կյանքի կոչմանը միտված քայլերին: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը շեշտել է ՀՀ կառավարության հանձնառությունն ու քաղաքական կամքի առկայությունը: Վարչապետն, անդրադառնալով Եվրոպայի խորհրդի հետ գործակցության հարուստ օրակարգին, կարեւորել է ԵԽ-ի դերը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների հասցեագրման և միջազգային աջակցության ցուցաբերման գործում։

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել Եվրոպայի խորհրդի և ՀՀ կառավարության սերտ գործակցությունը, այդ թվում՝ ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Մարիա Պեյչինովիչ Բուրիչի խոսքով՝ Հայաստանի համար մարտահրավերներով լի ժամանակահատվածում ՀՀ կառավարությունն արդյունավետ կերպով է կյանքի կոչում բարեփոխումները տարբեր ուղղություններով:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի կարեւոր նախադրյալ դառնալ:

Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերին վերաբերող հարցեր»:

bottom of page