top of page

«Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն

«Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն, սակայն աշխատել այն վայրում, որտեղ ստեղծագործում է երկար տարիներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության ընթացքում հայտարարեց «Գոյ» թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանը:

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ՀՀ կառավարությունը կատարել են իրենց ոչ մասնագիտական որոշումը: Այստեղ եմ, որպեսզի մասնագետները որոշում կայացնեն:  «Գոյ» թատրոնը ցանկանում է ունենալ իր ստեղծագործելու իրավունքը, ուրիշ ոչինչ չի ուզում: Այդ իրավունքը վաստակելու համար ցանկանում է աշխատել: Այսօր «Գոյ» թատրոնը պատրաստ է չլինել պետական, պատրաստ է լինել անկախ թատրոն: Դրա համար անհրաժեշտ է ստեղծագործելու վայր: «Գոյ»-ն այլ տեղ չի տեսնում դա անելու համար, տեսնում է բացառապես այն վայրը, որտեղ ստեղծվել է, որովհետև այդ տարածքը լցված է «Գոյ»-ի էներգիայով»,-շեշտեց ռեժիսորը:

Նա ընդգծեց, որ թատրոնի անկախ գործունեության համար «Գոյ»-ն ունի թատերական գործիչների աջակցության կարիքը:

«Եթե կարծում եք, որ այս քաղաքին պետք է «Գոյ» թատրոնը, խնդրում եմ աջակցել մեզ: Համապատասխան փաստաթուղթ է կազմվել, պետք է այնտեղ ստորագրել, տալ համաձայնություն, որ «Գոյ» թատրոնը Երևանին անհրաժեշտ է որպես անկախ թատրոն: Այդ փաստաթուղթը կուղարկվի ՀՀ կառավարությանը՝ ի դեմս ՀՀ վարչապետի, որպեսզի նրանց կայացրած որոշման մեջ  լրացումներ կատարվեն, կամ այլ մեխանիզմներ մշակվեն և «Գոյ» թատրոնը դառնա անկախ թատրոն ու ստեղծագործի այն վայրում, որտեղ աշխատել է»,-շեշտեց Արզումանյանը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը նախագծի հեղինակն է, վստահեցրել էր, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները:

2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ:

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ է միավորմանը:

bottom of page