Շատ եմ ուզում հաղթել առաջիկա խաղում․ իմ կարիերայի ընթացքում այսքան չեմ պարտվել․ մեծ կարևորություն եմ տալիս Ղազախստանի դեմ խաղին․ Պետրակով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Ղազախստանին լուրջ մրցակից է համարում:
«Լավ կարծիք ունեմ Ղազախստանի հավաքականի մասին: Լավ տղաներ ունեն: Նրանք այժմ առավել ագրեսիվ ֆուտբոլ են ցուցադրում: Եվրոպայում խաղացող այլևս թույլ թիմեր չեն մնացել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Պետրակովը:
Վերջինիս կարծիքով` Սլովենիայի դեմ ընկերական խաղի առաջին կեսը տապալված չէր, սակայն դժվարին հանդիպում էր, որը կապված էր տեխնիկական մի շարք հարցերի հետ, ինչպես օրինակ` մարզադաշտում մարզվելու հնարավորություն չունենալը:
«Անկեղծ եմ խոսում, շատ եմ ուզում հաղթել առաջիկա խաղում: Իմ կարիերայի ընթացքում այսքան չեմ պարտվել: Մեծ կարևորություն եմ տալիս Ղազախստանի դեմ խաղին»,-առանձնացրեց նա:
Անդրադառնալով ազգային ընտրանու նորեկներին` Պետրակովն ընդգծեց, որ դրական տպավորություն է ստացել ֆուտբոլիստներից և նրանք լավ մարդկային որակներ ունեն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Ղազախստանի ընտրանու հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
Comentários