top of page

ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ՝ գնահատելու ազատազրկված օտարերկրացիների կենցաղային պայմանները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 23-ին հերթական այցն են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Նպատակն էր գնահատել ազատությունից զրկված օտարերկրացի անձանց կենցաղային, սանիտարահիգիենիկ պայմանները, մարդու իրավունքների պաշտպանության վիճակը։

ՄԻՊ-ից NEWS.am_ին հայտնում են, որ քննարկումներ են իրականացվել ՔԿՀ-ի վարչակազմի հետ՝ հասկանալու նրանց մարտահրավերներն ու մտահոգությունները։ Ըստ ՔԿՀ-ի վարչակազմի տրամադրած տվյալների՝ հուլիսի 23-ի դրությամբ ՔԿՀ-ում պահվում էր 180 օտարերկրացի, այդ թվում՝ ապաստան հայցողներ։

Արձանագրվել են խնդիրներ ապաստան հայցողներին քրեակատարողական հիմնարկներից ապաստան տրամադրող մարմին ուղղորդելու մեխանիզմի և ապաստան հայցողների գրանցամատյանի լրացման դժվարությունների հետ կապված:

Անդրադարձ է կատարվել նաև ազատությունից զրկված օտարերկրացի անձանց տրամադրվող թարգմանությունների հետ կապված խնդիրներին, որոնք հանգեցնում են վերջիններիս հետ աշխատելու դժվարությունների, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական աշխատանքի և բժշկական ծառայության մատուցման համատեքստում: «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցները տիրապետում են ռուսերեն, անգլերեն և պարսկերեն լեզուներին, սակայն հաղորդակցությունն այլ լեզուներով՝ ինչպիսիք են, օրինակ՝ չինարեն, թուրքերեն, արաբերեն և այլն, շարունակում է մնալ խնդրահարույց:

Հաջորդ խնդիրը, որը բարձրացրել են անձինք, ջրի, մասնավորապես՝ խմելու ջրի որակն ու հասանելիությունն է։ Սա հատկապես խնդրահարույց է ազատությունից զրկված օտարերկրացիների համար, քանի որ նրանք չունեն հայաստանաբնակ ընտանիքի անդամներ, որոնք կարող են իրենց ապահովել ջրով։

Արձանագրվել են նաև Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված տեսազանգերի կանոնների հետ կապված խնդիրներ՝ պայմանավորված ազատությունից զրկված օտարերկրացիների հարազատների գտնվելու երկրների ժամային գոտիների տարբերությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արձանագրված խնդիրները և ամփոփված վերլուծական տեղեկանքը՝ լուծումների առաջարկներով, կներկայացվեն իրավասու մարմիններին:

1/1816
bottom of page