top of page

Մի քանի կարևոր ուղղություններով ավտոբուսների առանձնացված գծեր կսահմանվեն

Տրոլեյբուսների և 171 նոր ավտոբուսների պայմանագրերի կնքման փուլում ենք, որոնք մեր տրանսպորտային ցանցի կարևոր մաս պետք է դառնան:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Շատ կարևոր է նաև 18 մետրանոց ավտոբուսների հետագա գնումը, որովհետև 2025թ. լրանում է HIGER մակնիշի ավտոբուսների օգտագործման ժամկետը:HIGER մակնիշի ավտոբուսները նույնպես պետք է փոխարինվեն, շատ լավ են ծառայել այդ ավտոբուսները, բայց արդեն բարոյապես մաշված են:

Ունենք խնդիր մասնավոր գծերի հետ կապված, որոնց ընդհանուր շարժակազմը ևս հին է, դրանք էլ ունեն փոխարինման կարիք: 

250 հատ 18 մետրանոց ավտոբուսներով ամբողջովին փակում ենք տրանսպորտային ցանցի պահանջարկը»,-ասաց Ավինյանը։ 

Ավինյանը նաև նշեց, որ այս տարի մի քանի կարևոր ուղղություններով ավտոբուսների առանձնացված գծեր կսահմանվեն: «Առանձնացված գծերը Երևանում էապես կրճատելու են մարդկանց տեղաշարժի ժամանակը: Սա ապացուցված փաստ է, իհարկե, անհատ վարորդների համար որոշակի անհարմարություններ են առաջանալու, բայց այն մարդիկ, ովքեր օգտվելու են հանրային տրանսպորտից, էականորեն ավելի կարճ ժամկետում են մի կետից մյուսը տեղափոխվելու։

Պետք է քննարկում՝ հասկանալու, թե ավտոբուսային առանձնացված գծերով ինչ այլ տրանսպորտային տեսակներ կարող են երթևեկել։ Ենթադրում եմ՝ այդտեղ կարող են լինել հեծանիվները, մոպեդները, միգուցե, մոտոցիկլետները, գուցե, ինչ-որ մի փուլում՝ երևանյան տաքսին, բայց տաքսու համար հստակ նոր պահանջներ դնելով»,-նշեց նա։

Comentarios


bottom of page