top of page

Իշխանությունները չեն էլ թաքցնում, որ Տավուշից 4 տարածքներ զիջելու դեպքում փոխարենը ոչինչ էլ չեն ստանալու․ Արամ Մանուկյան

Իշխանությունները չեն էլ թաքցնում, որ Տավուշից 4 տարածքներ զիջելու դեպքում փոխարենը ոչինչ էլ չեն ստանալու, ասում են՝ կարող է դու տաս, ոչինչ էլ չստանաս: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը:

«Տաս ու իրենց ասած խաղաղությունն էլ չստանաս: Սա է ժողովրդին զայրացնում, որ մարդ կարող է այդքան պարզունակ լինել, ոչ պատմություն իմանա, ոչ երկիր, ոչ ինքնություն իմանա: Իրենց արածի մեջ մեր քաղաքական գործիչները չեն էլ նկատում սա: Իրենց ասածը նշանակում է, որ մենք 30 տարի սխալ ենք ապրել, որ ազատագրական շարժում չի եղել, անվտանգության գոտի չի ստեղծվել, որ այն, ինչ մենք արել ենք, հակապետական, հակաօրինական, միջազգային կանոնների դեմ գործունեություն է եղել: Այնքան անխելք են, որ չեն էլ պատկերացնում, որ Ղարաբաղի գոյությունը մենք կարողացանք պահպանել հենց այդ գործունեության արդյունքում: Արցախն ազատագրվեց, անվտանգության հոտի ազատագրվեց եւ այդ գոտին փոխանակման նյութ էր, որպեսզի Ղարաբաղը պահպանվեր: Սա է եղել մեր շարժման փիլիսոփայությունը: Հիմա իրենք հանձնում են հայկական տարածքները, ու հլը մի բան էլ մուննաթ են գալիս, որ ժողովուրդը չի հասկանում, որ այդ տարածքները պետք է հանձնել: Այդ նույն տրամաբանությամբ կարող եմ հարցնել՝ Ղարաբաղը խի՞ տվեցիք»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ իշխանությունն ասում է, որ դրանք աշխարհը ճանաչում է որպես ադրբեջանական տարածքներ, Արամ Մանուկյանն արձագանքեց. «Գլուխը քարով են տալիս: Եթե այդպես լիներ, աշխարհը չէր ստեղծի Մինսկի խումբը եւ չէին լինի այն բանաձեւերը, որտեղ Ղարաբաղը կողմ էր, եւ որտեղ այս տարածքների մասին խոսք չկար:

Ի վերջո, այս ամենը եղել է ադրբեջանցիների նախահարձակ լինելու արդյունքում: Հայերի բոլոր գործողությունները եղել են ի պատասխան ադրբեջանական ագրեսիվ գործողությունների, այսինքն արդարացված են եղել: Մերժել սա, առնվազն դավաճանական է»:

Նա նկատեց, որ առաջին արցախյան պատերազմից հետո ստեղծվել էր մի վիճակ, երբ Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական Արծվաշենը մնացել էր իրենց, իսկ Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավները մնացել էին մեզ, եւ դա կարող էր լուծման տարբերակ լինել սահմանազատման գործընթացիում.

«Բայց այն, ինչին այսօր գնում է  իշխանությունը, կոնֆլիկտոգեն է, դա խնդիրը չի լուծում: Որովհետեւ եթե հիմա Ադրբեջանը մտնում է Հայաստանի խորքը, ինքնա րդեն կոնֆլիկտածին տարածք է դառնում: Բայց 1994-ից հետո չկար նման խնդիր, ներքին համաձայնության արդյունքում անկլավների խնդիրը մնաց անցյալում որպես խաղաղության ձեւ, միջոց: Հիմա գնում են թարս ուղղությամբ: Ախր, ո՞նց կարելի է մի մարզի գյուղերի հարցը լուծել, երբ չունես համաձայնություն, թե ինչպես պետք է լուծես այդ խնդիրը: Ինչպե՞ս պետք է տարածքներն առաձնացնես,  եթե դու քարտեզի վրա չես պայմանավորվել սկզբունքը: Առանց թղթի վրա համաձայնեցնելու չես կարող հողի վրա դա իրականացնել: Հիմա սկսել են սահմանազատման գործընթաց առանց սահմանագծման, չի կարող նման բան լինել: Փաշինյանն արդարացնում ու լեգիտիացնում է Ալիեւի գործողությունները։ Ադրբեջանը լսում է, որ Ալենն ու Նիկոլը սեփական ժողովրդին սպառնում են, որ եթե տարածքները չտաս, ապա պատերազմ կլինի․ ո՞վ է պատերազմի հրձիգը, ո՞վ է դրա քարոզիչը, ո՞վ է սեփական ժողովրդին վախեցնում պատերազմով, Նիկոլը Փաշինյանը»։

Հարցին՝ արդյո՞ք հավանական է առանց ռազմական գործողության շտկել իրավիճակը, Մանուկյանն ասաց, որ միշտ էլ կա հնարավորություն․ «Գնալով այդ հնարավորությունը քչանում է։ Այդ սցենարի բացառման համար կա երկու ձեւ․ մեկը՝ արտաքին ճնշումներ, երկրորդը՝ ներքինն է։ Առաջինում ինքը ձախողվել է, սակայն այդ բլոկը մեր նկատմամբ, մենք էլ բլոկի նկատմամբ այնքան ենք աղ լցրել, որ դա գրեթե բացառվում է, Արեւմուտքն էլ կուտեր է տալիս, չի անում, եւ չանելն ապացուցեց նաեւ Ղարաբաղի հայաթափման գործընթացում։ Այսինքն՝ Հայաստանն արտաքին քաղաքականության առումով ծիծաղելի վիճակում է։ Եթե առաջին տարբերակը չի գործում քո՝ թերուս լինելու պատճառով, դուրսը քեզ չի աջակցում, ապա երկրորդը՝ քո ներքին միաբանությունն է, երբ հասարակությունը դառնա միահամուռ, օրինակ՝ 44-օրյային ժողովուրդը մի բռունցք էր։ Դու որպես իշխանություն պետք է կարողանաս միախմբել հասարակությանը, արտաքին վտանգի դեմ մնացել է միասնական բռունցքը։ Նիկոլ Փաշինյանի ամբողջ գործունեությունը ներսում լրիվ ապակառուցողական է։ Նա անկայունության գեներատոր է»։

Comments


bottom of page