Ես Լալա Մնացականյանին տխուր չեմ կարողանում հիշել. ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյան
«Ես Լալա Մնացականյանի հետ չեմ աշխատել ոչ կինոյում, ոչ թատրոնում, բայց միասին ինստիտուտում ենք աշխատել, նույն կուրսում։ Ես իրեն տխուր չեմ կարողանում հիշել, կյանքով, երջանկությամբ լեցուն էր»,-Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի վերջին հրաժեշտի արարողությանը լրագրողներին ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Դավիթ Հակոբյանը։
Նա նշեց, որ բոլորին երջանակություն էր սովորեցնում։
«Թվում էր՝ բոլոր ցավերին թեթև է նայում, բայց ...
Հետաքրքիր մի գույն մեր արտիստական կյանքում պակասեց»,- ասաց Դ. Հակոբյանը։
Նա նաև մի պատմություն հիշեց. «Մի ներկայացում էինք արել, որտեղ մահացածի դեր էի խաղում։ Այդ նկարը սև ժապավենով ներկայացումից հետո դրվել է մեր զգեստասենյակում։ Առաջին պլանում դրված էր։ Լալան չէր նայել ներկայացումը ու մի օր մտնում է այնտեղ, տեսնում սև ժապավենով նկարը։ Հիստերիկա է մոտը սկսվում, ոնց թե Դավիթ...
Վատանում է, փորձում են հանգստացնել, ասում են՝ ներկայացում է։ Բացարձակ չի լսում ոչ մեկին, մինչև մի կերպ հանգստանում է։
Ես իմանում եմ այդ պատմությունը։ Հաջորդ օրը ինստիտուտի դիմաց կանգնած է, մոտեցա, ձեռքս դրեցի ուսին, ասացի՝ Լալա... Շուռ եկավ ու... հռհռում էր, գրկել էր ինձ, բաց չէր թողնում, ոնց որ այն աշխարհից հետ էի եկել»։
Հիշեցնենք, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր,ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը մահացել է հունիսի 22-ին։ Նա 66 տարեկան էր։