top of page

Փորձը ցույց է տվել, որ Ռուսաստանը Հայաստանի համար ոչ օգտակար և անվստահելի դաշնակից է. Դոքերթի

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում «Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին միջազգային աջակցություն» թեմայով քննարկմանը ներկա Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին հարցրել են, թե ինչ է մտադիր անել Լոնդոնը՝ բռնի տեղահանվածներին աջակցելու, նրանց հնարավոր ապահով և անվտանգ վերադարձը ԼՂ երաշխավորելու, Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու, այնտեղից հայ գերիների վերադարձն ապահովելու, Հայաստանի և Ադրբեջնի միջև խաղաղության գործընթացին նպաստելու ուղղությամբ:

Նախարարն ասել է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը հանձնառու է աջակցելու Հայաստանին և կշարունակի աշխատել միջազգային գործընկերների և Երևանի հետ՝ ուժեղացնելու կարողությունները՝ աջակցելու փախստականներին և նրանց ընդունող համայնքներին: Նա նաև նշել է, որ պատրաստ են աջակցել Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող հայերին ինտեգրելու հարցում:

«Մեր դերն է փորձել հնարավորություն տալ այդ երկու երկրներին հաջողությամբ կարգավորել և կնքել կայուն խաղաղություն: Մենք Ռուսաստանի դերն ամբողջ տարածաշրջանում տեսնում ենք որպես ոչ այլ ինչ, քան չափազանց անօգուտ միջամտություն։ Գործնական փորձը ցույց է տվել, որ Ռուսաստանը ոչ օգտակար և անվստահելի դաշնակից է»,- ասել է նախարարը:

Դոքերթին նշել է, որ հուլիսին Մեծ Բրիտանիան հյուրընկալելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Ըստ նախարարի՝ դա լավ հնարավորություն է Հարավային Կովկասի երկրների ղեկավարների համար՝ համախմբվելու եվրոպական այլ առաջնորդների հետ՝ խաղաղության առաջխաղացման համար: Բրիտանացի պաշտոնյան վստահեցրել է, որ Թագավորությունը շատ լուրջ է վերաբերվում կրոնական և մշակութային վայրերի ոչնչացման մասին հաղորդագրություններին և աջակցում է միջազգային կազմակերպությունների աշխատանքին, որոնք դիտորդական առաքելություն են իրականացնում դրանք գնահատելու համար։

Նախարարը շեշտել է՝ Լոնդոնը շարունակում է խրախուսել բոլոր ռազմագերիների և հակամարտություններից մահացածների աճյունների վերադարձը և գոհ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը նախորդ տարվա դեկտեմբերին ազատ են արձակել 34 բանտարկյալի։

Եզրափակելով՝ Դոքերթին կրկնել է, որ Մեծ Բրիտանիան կանգնած է հակամարտությունից տուժածների կողքին: Նա վստահեցրել է, որ կշարունակեն հումանիտար աջակցություն ցուցաբերել և եռանդուն կերպով կառաջարկեն դիվանագիտական աջակցությունը։ Դոքերթին հույս է հայտնել, որ Հարավային Կովկասում խաղաղության իրական, իմաստալից և կայուն հնարավորություն կա:

Comments


bottom of page