ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՆԳԵԼ ՄԱՍԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆԸ

Մենք քիչ առաջ տեղեկատվություն հրապարակեցինք` ներկայացնելով «Պատիվ ունեմ» խմբակցության իմպիչմենտի վարչապետի թեկնածուի անունը: Մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀԿ-ի այս որոշման հետ կապված: Մենք գրել էինք, որ ՀՀԿ-ում մի քանի անուններ են այս ընթացքում քննարկվել: Ի սկզբանե, քննարկվել է Արթուր Վանեցյանի անունը: Եվ քանի որ «Պատիվ ունեմ»-ը խնդիր ունի ընդամենը 8 ստորագրություն հավաքելու, որից հետո իմպիչմենտի «գնդակը» փոխանցելու է «Հայաստան» դաշինքին, խնդիրը դրվել է այսպես. առաջադրել թեկնածու, որի տակ իրենց ունեցած 6-ից բացի ևս 2 անձ կստորագրի: Վանեցյանի դեպքում հույս են ունեցել, որ կստորագրեն նաև Իշխան Զաքարյանը և Վանեցյանի հանդեպ դրական զգացումներ ունեցող Գեղամ Նազարյանը: Բայց Վանեցյանը պայման է դրել, որ ի սկզբանե երկու առաջնորդները` Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը համատեղ հայտարարեն և միասնական ճակատով գործեն, ինչը գլուխ չի եկել: Հետո քննարկել են տնային կալանքի մեջ գտնվող Արմեն Աշոտյանի թեկնածությունը: Բայց 2 ստորագրություն ստանալու հանգամանքը փոխել է իրավիճակը և կանգնել են Դավիթ Համբարձումյանի թեկնածության վրա, որի մասով որոշումը, կարելի է ասել, պայմանավորված է եղել Հովիկ Աղազարյանով:
Վերջինս ասել է, որ Դավիթի թեկնածությանը միայն կստորագրի: Այս պարագայում Համբարձումյանի համար կստորագրի նաև Իշխան Զաքարյանը, քանի որ ժամանակին Դավիթն իր աշխատողն է եղել Վերահսկիչ Պալատում և նորմալ հարաբերություններ ունեն: Կարելի է ասել, որ 8 ստորագրություն արդեն կա և քոչարյանականները փաստի առաջ են կանգնելու` իրենց դրած պայմաններից գլխավորը դա էր: Բայց նույն «Պատիվ ունեմ» խմբակցությունում էլ կան դժգոհներ, որոնք կարծում են Դավիթի թեկնածությունն առաջադրելը ճիշտ չէ, դա փակուղի է մտցնելու գործընթացը: Հետևենք իրադարձությունների զարգացմանը:




















