«Հրապարակ». «Նիսյայով բուժում»՝ հիվանդանոցների հաշվին
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած օֆերտան (գործարք կնքելու գրավոր առաջարկություն) պատուհաս է դարձել բուժհաստատությունների եւ պետբյուջեի համար։ Դեռ 23-ի վերջին կառավարության նիստում Ավանեսյանը հայտարարեց օֆերտայի եւ անսահմանափակ բյուջեի սկզբունքով հիվանդանոցները ֆինանսավորելու մասին: Արդյունքում այսօր ստեղծվել է մի վիճակ, որ մատուցված ծառայություններն ավելին են եղել, քան բյուջեով նախատեսված գումարը։ Անցած 6 ամիսներին ԲԿ-ները ֆինանսավորում են ստացել կատարողականի 80-90 տոկոսի չափով, ինչի հետեւանքով պետությունը հիվանդանոցներին խոշոր պարտքեր է կուտակել։
ԱՆ կայքում հրապարակված հաշվետվություններից տեղեկացանք, որ ապրիլի 15-ի դրությամբ պարտքը կազմել է 2.5 մլրդ դրամ, մայիսի 15-ին` 3.2, հունիսի 15-ին՝ 3,7 մլրդ։ Սա բազում խնդիրներ է առաջացրել հիվանդանոցների համար, որոնք ստիպված են աշխատավարձ տալ, կոմունալներ վճարել, դեղորայք, սարքավորումներ գնել: Պացիենտները դուրս են գրվել, իսկ պետությունը դեռ գումարները չի փոխանցել։
Նախկինում` սահմանափակ բյուջեով ֆինանսավորման դեպքում, ԲԿ-ները գիտեին իրենց ամսական սահմանաչափը, չէին գերազանցում դա։ Այժմ կենտրոնական հերթագրման համակարգ կա, ԲԿ-ն իրավունք չունի որոշելու՝ որ պացիենտին երբ սպասարկել։
Պետությունը լավամարդ է լինում, հրահանգում է ԲԿ-ներին՝ մատուցել անսահմանափակ ծառայություններ, հետո «գցում» է նրանց` ուշացնելով ֆինանսները։ Այսինքն, ոլորտի պատասխանատուները ծրագիր են իրականացնում՝ առանց կանխատեսումների եւ հաշվարկների։ Գոնե չեն վերլուծում 6 ամսվա տվյալները, որ որոշեն, թե ինչպես իրականացնել ֆինանսավորումը։ ԱՆ հաշվետվություններից պարզ է դառնում, որ որեւէ չափորոշիչ չկա, «յուրայիններին՝ քիչ, օտարներին՝ շատ» սկզբունքն է գործել, կամ պարզ չէ` ինչու է օֆերտան գործում այն ԲԿ-ներում, որտեղ կա պետպատվեր»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Comments