ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելությունն անվտանգային հարթության վրա Հայաստանի համար ունի կենսական նշանակություն. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությանը:
ԱԺ նախագահը չեխ գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանում գտնվող հայ գերիների եւ Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ առկա խնդիրները։
«Տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հստակ է. մենք պետք է հաստատենք խաղաղ հարաբերություններ, որոնք հիմնված են ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Ադրբեջանի վարած քաղաքականությունը, սակայն, պետք է արձանագրեմ, որ վերջին շրջանում այս գործընթացը տանում է փակուղի»,- նշել է ԱԺ նախագահն ու հավելել. «Այս առումով ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելությունն անվտանգային հարթության վրա Հայաստանի համար ունի կենսական նշանակություն: Արժեւորում ենք Չեխիայի ներդրումն այս հարցում»:
Մարկետա Պեկարովա Ադամովան բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում եւ վստահություն հայտնել, որ Չեխիան կփորձի նպաստել Խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորմանը:
Կողմերը քննարկել են հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հնարավորությունները:
Խորհրդարանների ղեկավարները կարեւորել են ժողովրդավարական արժեքներին միտված օրակարգի շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը:
Comentarios