«Ամոթ քեզ, Գոնչարենկո, երբ ես ժամանեմ Ստրասբուրգ, աշխատիր հեռու մնալ իմ տեսադաշտից». Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում վերհիշել է 2021 թվականին ԵԽԽՎ պատվիրակության շրջանակներում իր ելույթը: Նա տեղադրել է հատված ուկրաինացի պատգամավորի ելույթից, որը հունվարի 24-ին ԵԽԽՎ-ում նշել է, թե միայն Ռուսաստանը կարող է ուրախանալ ազատ աշխարհի երկրների միասնության բացակայությունից։ «Դեռևս 2021 թվականին, որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ, ես ելույթ ունեցա Ադրբեջանի խայտառակ «ռազմավարի պուրակի» մասին, որտեղ ադրբեջանական ռեժիմը տեղադրել էր հայ ռազմագերիների մանեկենները։
Իմ ելույթում ներկայացնելով Ադրբեջանի ռազմական հանցագործությունները՝ ուկրաինացի այս պատգամավորը բողոքել էր, որ ինձ թույլ են տվել հանդես գալ պաստառներով, իսկ նրան դա չէին թույլատրել։ Այդ բողոքը ավարտվեց նրանով, որ ԵԽԽՎ նախագահողը վերջինիս դուրս հրավիրեց նիստերի դահլիճից։
Այս երկակի ստանդարտների արդյունքում շատ հետաքրքիր է, թե ինչպես է այս ուկրաինացի պատգամավորն աշխարհից արդարություն պահանջում Ուկրաինայի համար, երբ նա չի ցանկանում նույն արդարությունը տեսնել Լեռնային Ղարաբաղի հազարավոր էթնիկ զտման ենթարկված մարդկանց, Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների համար։
Ամոթ քեզ, Գոնչարենկո, երբ ես ժամանեմ Ստրասբուրգ, աշխատիր հեռու մնալ իմ տեսադաշտից, քո ելույթից ես նողկանք ապրեցի»,- գրել է նա։
Comments