top of page

Գիտնականները դդմի օգնությամբ մթերքի թարմությունը երկարացնելու անսովոր միջոց են հայտնաբերել

  • 3 days ago
  • 1 min read

Գիտնականները մշակել են դդմի թափոնների հիման վրա ստեղծված կենսաքայքայվող սննդի փաթեթավորում, որը ոչ միայն չի զիջում պլաստիկին, այլև ավելի արդյունավետ է կանխում բորբոսի առաջացումը։ Նման փաթեթավորման մեջ լոլիկը թարմ է մնացել երկու անգամ ավելի երկար։ Հետազոտությունը հրապարակվել է Food Research Internationalամսագրում։

Նոր փաթեթավորման հիմնական բաղադրիչը դդմի կեղևից ստացված քվանտային կետերն են՝ նանոմասնիկներ, որոնք ստացվել են բուսական թափոնների վերամշակման արդյունքում։

Քվանտային կետերը ավելացվել են օսլայի հիմքով կենսապոլիմերային թաղանթին։ Համեմատական փորձարկումների ընթացքում այս թաղանթն արտահայտված հակամանրէային հատկություններ է ցուցաբերել․ փաթեթավորված մթերքի մակերեսին բորբոսի և բակտերիաների աճը զգալիորեն ավելի լավ է ճնշվել, քան սովորական պոլիէթիլենային փաթեթավորման դեպքում։

Փորձի ընթացքում չերի տեսակի լոլիկները նոր փաթեթավորման մեջ թարմ են մնացել և չեն բորբոսնել 20 օր, մինչդեռ սովորական թաղանթում փչացել են արդեն 10 օր անց։ Բացի այդ, նոր փաթեթավորումն ամբողջությամբ քայքայվում է շրջակա միջավայրում՝ ի տարբերություն նավթաքիմիական պլաստիկի։

Հետազոտության հեղինակների խոսքով՝ մշակումն ունի երկակի առավելություն․ այն միաժամանակ նպաստում է սննդի արտադրության թափոնների վերամշակմանը, քանի որ սովորաբար դեն նետվող դդմի կեղևը վերածվում է արժեքավոր հումքի, և նվազեցնում է պլաստիկ թափոնների վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Գիտնականների գնահատմամբ՝ այս մեթոդը հնարավոր է կիրառել նաև արդյունաբերական մասշտաբով՝ առանց բարդ սարքավորումների։


 
 
1/2991
bottom of page