top of page

Մակրոնի հավանության վարկանիշը կրկին նվազել է՝ հասնելով 15% պատմական նվազագույնի

5 hours ago
1 min read

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հավանության վարկանիշը նվազել է մինչև ռեկորդային ցածր՝ 15%, հետևում է Ipsos BVA-ի և CESI ինժեներական դպրոցի՝ La Tribune Dimancheպարբերականի համար անցկացված հարցման արդյունքներից։

Հոկտեմբերի 10-ին հրապարակված արդյունքների համաձայն, Մակրոնի գործունեությունը դրական գնահատող ֆրանսիացիների բաժինը մեկ ամսում նվազել է մեկ տոկոսային կետով։ Սեպտեմբերին նրա վարկանիշն արդեն հասել էր պատմական նվազագույնի՝ 16%։ Նախագահի աշխատանքը բացասաբար է գնահատում հարցվածների 82%-ը։

Ipsos BVA-ի գլխավոր տնօրենի տեղակալ Բրիս Տենտյուրիեն հայտնել է, որ աջ քաղաքական ուժերի կողմնակիցների շրջանում Մակրոնին աջակցում է ընդամենը 11%-ը։ Նույնիսկ ցենտրիստական քաղաքական բլոկի համակիրների շրջանում նրա գործունեության բացասական գնահատականների բաժինը հասնում է 47%-ի։

Նախագահի ժողովրդականության անկումը տեղի է ունենում մի շարք խնդիրների ֆոնին, որոնք դժգոհություն են առաջացնում ֆրանսիացիների շրջանում։ Դրանց թվում են դպրոցականների բողոքները, վառելիքի բարձր գները, պետական փոխառությունների արժեքի աճը և երաշտի հետևանքով գյուղատնտեսության կորուստները։

Ֆրանսիացիների գլխավոր մտահոգությունը շարունակում է մնալ գնողունակությունը․ հարցման մասնակիցների 54%-ը դա անվանել է առաջնահերթ խնդիր։ Երկրորդ տեղում սոցիալական ապահովության համակարգի ապագան է (44%), երրորդում՝ պետական պարտքն ու բյուջեի դեֆիցիտը (33%)։

Հոռետեսությունը տարածվում է նաև անձնական նյութական դրության վրա․ հարցվածների 70%-ը հայտարարել է, որ անհանգստացած է սեփական տնտեսական վիճակով։

Ֆրանսիայում հերթական նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն 2027 թվականին։ Մակրոնը, որը իշխանության է 2017 թվականից, չի կարող առաջադրվել նախագահի երրորդ անընդմեջ ժամկետի համար։


 
 
1/3111
bottom of page