top of page

Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացն «Ազատ Հայրենիք» խմբակցության քաղաքական պատասխանատվության և նախաձեռնության տիրույթում է. Մետաքսե Հակոբյան

  • 2 hours ago
  • 2 min read

Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացն «Ազատ Հայրենիք» խմբակցության քաղաքական պատասխանատվության և նախաձեռնության տիրույթում է: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Պետք է հստակ տարանջատենք քաղաքական գնահատականներն ու իրավաքաղաքական գործընթացները։ Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացը, առաջին հերթին, խորհրդարանական մեծամասնություն ունեցող «Ազատ Հայրենիք» խմբակցության քաղաքական պատասխանատվության և նախաձեռնության տիրույթում է։ Անկախ այն հանգամանքից՝ այդ խմբակցությունն ունի նախագահի թեկնածու, թե ոչ, հենց նրա ձայներն են որոշիչ Ազգային ժողովում համապատասխան որոշումների ընդունման համար։ Հետևաբար, ակնկալելի է, որ առաջին հերթին հենց խորհրդարանական մեծամասնությունը հանդես գա հստակ և հրապարակային քաղաքական դիրքորոշմամբ՝ ներկայացնելով, թե ինչպես է պատկերացնում այս գործընթացի հետագա ընթացքը։ Քանի դեռ նման նախաձեռնություն կամ դիրքորոշում չի ներկայացվել, փաստացի սահմանափակվում են նաև մյուս խմբակցությունների նախաձեռնողականություն դրսևորելու հնարավորությունները, քանի որ առանց մեծամասնության քաղաքական կամքի որևէ գործընթաց դժվար է հասցնել իր տրամաբանական ավարտին։

Միևնույն ժամանակ, կարևոր ենք համարում, որ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններն իրենց ներկայացվածությանը և քաղաքական կշռին համարժեք մասնակցություն ունենան այս հարցի քննարկմանը։ Այդ համատեքստում, երբ գործընթացը մտնի քաղաքական քննարկման փուլ, իր դիրքորոշումն ու առաջարկները կներկայացնի նաև Արցախի Ազգային ժողովի մեծությամբ երրորդ՝ «Արդարություն» խմբակցությունը, որը մշտապես կարևորել է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը և պատրաստ է մասնակցել ցանկացած կառուցողական քննարկման՝ միտված պետական ինստիտուտների լիարժեք աշխատանքին։ Մենք երբևէ չենք առաջնորդվել այն մոտեցմամբ, որ այս կամ այն դժվար իրավիճակը կարող է հիմք լինել պետական մարմինների գործունեությունը երկրորդ պլան մղելու համար։

Ինչ վերաբերում է նախագահի ընտրությանը, ապա մեր դիրքորոշումը եղել և մնում է նույնը. մենք բաց ենք քննարկումների համար, պատրաստ ենք մասնակցել ցանկացած կառուցողական քաղաքական գործընթացի, որը կծառայի Ազգային ժողովի լիարժեք գործունեության վերականգնմանը և պետական ինստիտուտների պահպանմանը և հարկ եղած դեպքում հանդես գալ նախաձեռնողականությամբ և իր վրա պատասխանատվություն վերցնելու համարձակությամբ։ Ուստի ճիշտ չի լինի ասել, թե պատգամավորները հարմարվել են ստեղծված իրավիճակին։ Խնդիրը ոչ թե հարմարվելու, այլ քաղաքական նախաձեռնության և պատասխանատվության դրսևորման մեջ է»։

 
 
1/2994
bottom of page