NYT. «Մոսադ»-ը Ստամբուլում առևանգել և սպանել է իրանցի գեներալի՝ սխալմամբ համարելով, որ Թեհրանն առնչություն ունի իսրայելցի օդաչուի գերեվարման հետ

Իսրայելական գործակալներն առևանգել և խոշտանգել են իրանցի բարձրաստիճան գեներալների, իսկ մի դեպքում էլ՝ սպանել առևանգվածին՝ փորձելով պարզել Իսրայելի ՌՕՈւ-ի անհետ կորած շտուրման Ռոն Արադի գտնվելու վայրը։ Այժմ Իսրայելը կարծում է, որ այդ որոնումները կարող էին սխալմամբ կենտրոնացած լինել Իսլամական Հանրապետության վրա, կիրակի օրը հրապարակված հետաքննության մեջ հաղորդում է The New York Times-ը։
Ըստ թերթի, գործողություններից մեկի ընթացքում «Մոսադ»-ի գործակալները Ստամբուլում առևանգել են իրանցի գեներալի, իսկ ավելի ուշ սպանել են նրան և դեն նետել մարմինը, քանի որ հարցաքննություններից տեղեկություններ չեն ստացել Արադի գտնվելու վայրի մասին։
Հետաքննությունը հիմնված է տասնյակ իրանցի, իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաների վկայությունների վրա։
Միևնույն ժամանակ, ապացույցներ այն մասին, որ Իրանն իսկապես գերեվարել է Արադին կամ պահել նրան իր տարածքում, չեն ստացվել։ Իսրայելը երկար ժամանակ ելնում էր նրանից, որ Լիբանանում գերեվարվելուց հետո օդաչուին հանձնել են Թեհրանին, սակայն այդ վարկածը մնում էր չհաստատված։ Ավելին, 2006 թվականին Իսրայելի անվտանգության ծառայության՝ «Շին-Բեթ»-ի ստուգումը եզրակացրել էր, որ ո՛չ Իրանը, ո՛չ «Հեզբոլլահ»-ը, հավանաբար, չեն պահել Արադին։ Չնայած դրան՝ «Մոսադ»-ը շարունակել է իրանական վարկածի հաստատումներ փնտրել։
Արադն անհետ կորել է 1986 թվականին, երբ Լիբանանի հարավում գործողության ժամանակ կատապուլտվել է ինքնաթիռից։ Իսրայելը ենթադրում էր, որ նրան գերեվարել է շիական «Ամալ» խմբավորումը, որից հետո հանձնել է Իրանին, իսկ այնուհետև օդաչուին կարող էին տեղափոխել Իրանի և Լիբանանի միջև։
Գերեվարումից հետո առաջին երկու տարիների ընթացքում ստացվում էին նշաններ, որ Արադը ողջ է, այդ թվում՝ լուսանկարներ և նամակներ։ Վերջին նամակն ուղարկվել է 1988 թվականի մայիսի 5-ին։
1992 թվականին «Մոսադ»-ի աշխատակից Իսրայել Պեռլովը սկսեց փնտրել բժիշկների, որոնք կարող էին բուժած լինել Արադին Լիբանանում վայրէջք կատարելուց հետո։ Պեռլովը կապ հաստատեց իրանցի բժշկի հետ, որը պնդում էր, թե անձամբ է բուժել օդաչուին ինչպես Իրանում, այնպես էլ Լիբանանում։ Սակայն բժշկի՝ պոլիգրաֆով (ստի դետեկտորով) ստուգման արդյունքները անորոշ էին։ Այն բանից հետո, երբ Իսրայելը նրան գումարով լի ճամպրուկ առաջարկեց Արադին փրկելուն օգնող տեղեկատվության դիմաց, բժիշկն անհետացավ։
NYT-ի տվյալներով, այդ բժշկի ցուցմունքներն առանցքային դեր են խաղացել «Մոսադ»-ի ներսում այն համոզմունքի ամրապնդման գործում, որ օդաչուին գերեվարել է Իրանը։
1994 թվականին իսրայելական հատուկջոկատայինները Լիբանանի տարածքի խորքից առևանգեցին Մուստաֆա Դիրանիին՝ շիական «Ամալ» խմբավորման բարձրաստիճան ներկայացուցչին, որը գերեվարել և պահել էր Արադին։ Դիրանին իսրայելցի քննիչներին պատմել է, որ օդաչուին տեղափոխել է Բեքաայի հովտի Նաբի-Շիտ բնակավայր և հանձնել իր վստահությունը վայելող մի ընտանիքի հսկողությանը։ Նա հավելել է, որ պահակները լքել են տունը՝ մերձակայքում իսրայելցի զինվորականների դեմ մարտնչելու համար, իսկ երբ վերադարձել են, Արադն այլևս այնտեղ չի եղել։
Դիրանին, որը պնդում էր, թե հարցաքննությունների ժամանակ իրեն խոշտանգել են, հայտարարել է նաև, որ իրանցի պաշտոնյան իրեն հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից Արադի գերեվարման և օդաչուին գաղտնի Իրան տեղափոխելու մասին։ Այս տեղեկությունները Իսրայելում տարբեր գնահատականների արժանացան. ոմանք դրանք համարում էին ապացույց այն բանի, որ Արադը գտնվել է Թեհրանի ձեռքում, մյուսները մերժում էին դրանք՝ անկախ հաստատման բացակայության և հարկադրանքի տակ ստացված լինելու պատճառով։ Այնուամենայնիվ, Իրանի հասցեին մեղադրանքները, այդ թվում՝ պետական ամենաբարձր մակարդակով, սկսեցին հնչել ավելի ու ավելի հաճախ։
Միևնույն ժամանակ, իսրայելցի որոշ պաշտոնյաներ հարց էին տալիս, թե ինչու Իրանը չի փորձում Իսրայելից որևէ բան ստանալ Արադի մասին տեղեկատվության դիմաց։
Իսրայելը սկսեց դիմել դաշնակիցներին՝ Իրանից օդաչուի ճակատագրի մասին տեղեկություններ ստանալու հարցում օգնության խնդրանքով։ «Ռոն Արադի հարցը մեզ հետապնդում էր ամենուր։ Յուրաքանչյուր միջազգային հանդիպման ժամանակ մեզ հարցնում էին Ռոն Արադի մասին», — NYT-ին պատմել է Մոհամմադ Ալի Աբթահին, որն այն ժամանակ զբաղեցնում էր Իրանի փոխնախագահի պաշտոնը։
1999 թվականին Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամիին է փոխանցել Արադի կնոջ նամակը՝ նրա ճակատագրի մասին տեղեկություններ հայտնելու խնդրանքով։
2004 թվականին Իսրայելի պաշտպանության բանակի հանձնաժողովը եզրակացրեց, որ Արադը մահացել է 1990-ական թվականներին՝ այն բանից հետո, երբ ծանր հիվանդության ժամանակ նրան մերժել են բժշկական օգնություն ցուցաբերել, և թաղվել է Բեքաայի հովտում։
Նույն թվականին Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը Գերմանիայի միջնորդությամբ մոտեցան համաձայնագրի կնքմանը։ Այն նախատեսում էր Դիրանիի և այլ հայտնի բանտարկյալների ազատ արձակում՝ գերեվարված իսրայելցի գործարար Էլհանան Տաննենբաումի, երեք իսրայելցի զինծառայողների դիերի և Արադի ճակատագրի մասին տեղեկատվության դիմաց։
Իրանը հանձնարարել էր ԻՀՊԿ գեներալ Աբդուլլա Սաբերիին գլխավորել Լիբանանում օդաչուի գտնվելու վայրի մասին տեղեկությունների որոնումները։ NYT-ի կողմից հարցված իսրայելցի և իրանցի պաշտոնյաների վկայությամբ, հետաքննությունը եզրակացրել է, որ Արադը մահացել է Նաբի-Շիտում և թաղվել այնտեղ։ Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, հրապարակման համաձայն, իր երեխաներից մեկին ուղարկել է անձամբ փոխանցելու զեկույցը գերմանացի միջնորդներին։
Իսրայելը որոնումներին Սաբերիի մասնակցությունը գնահատեց որպես Արադին պահելու գործում ԻՀՊԿ-ի ներգրավվածության վկայություն։ 2005 թվականին իսրայելական զեկույցը եզրակացրեց, որ օդաչուին գերեվարել է իրանական այդ կառույցը։
Սակայն 2006 թվականին «Շին-Բեթ»-ի կողմից առկա ապացույցների ստուգումը եզրակացրեց, որ Արադին չեն պահել ո՛չ Իրանը, ո՛չ «Հեզբոլլահ»-ը, և որ նա, հավանաբար, գտնվել է Նաբի-Շիտի շրջանում։ Կառավարությունը և «Մոսադ»-ը մեծ մասամբ անտեսեցին այդ եզրակացությունները։
Նույն թվականին «Մոսադ»-ի գործակալները Ստամբուլում առևանգեցին ԻՀՊԿ «Ղուդս» ստորաբաժանման գեներալ Ալիռեզա Ասկարիին։ Արադի անհետացումից կարճ ժամանակ անց նա ծառայել էր Լիբանանում։ ԱՄՆ երեք նախկին պաշտոնյաներ NYT-ին պատմել են, որ «Մոսադ»-ի գործակալները մի քանի շաբաթ նավի վրա հարցաքննել են Ասկարիին, իսկ այնուհետև նրա մարմինը նետել են Սև ծով՝ չհայտնաբերելով ապացույցներ, որ նա Արադի մասին որևէ տեղեկատվության է տիրապետել։ Իսրայելը հերքել է իր մասնակցությունը գեներալի աղմկահարույց անհետացմանը։
2006 թվականին «Հեզբոլլահ»-ի այն ժամանակվա առաջնորդ Հասան Նասրալլան հայտարարեց, որ խմբավորումը Արադին զոհված է համարում, սակայն նրա հուղարկավորության վայրը անհայտ է։ 2008 թվականին գերմանացի բանակցող Գերհարդ Կոնրադը Իսրայելին հայտնեց, որ «Հեզբոլլահ»-ի տեղեկություններով՝ օդաչուն զոհվել է 1988 թվականին փախուստի փորձի ժամանակ։
2008 թվականին Իսրայելը պաշտոնապես Ռոն Արադին հայտարարեց զոհված։
2016 թվականին «Մոսադ»-ի և ՑԱՀԱԼ-ի ռազմական հետախուզության համատեղ զեկույցը, որը հաշվի էր առնում նախորդ երկու տարիների ընթացքում ստացված նոր տեղեկությունները, մատնանշում էր, որ Արադը, հավանաբար, մահացել է դեռևս 1988 թվականին։
Չնայած օդաչուին Իրանի կողմից գերեվարելու վարկածի դեմ կուտակվող վկայություններին՝ Իսրայելը շարունակում էր կառչած մնալ որոնումների այդ ուղղությունից։ 2021 թվականին արաբալեզու ԶԼՄ-ները հաղորդում էին, որ «Մոսադ»-ի գործակալները Դամասկոսում վազքի ժամանակ առևանգել են Սաբերիին, խցկել միկրոավտոբուսի մեջ և տարել։
Հրապարակումներից մեկի համաձայն, գեներալին տեղափոխել են Իսրայել և ենթարկել ինտենսիվ հարցաքննությունների, որից հետո տեղափոխել են Հարավային Աֆրիկայի Յոհանեսբուրգ քաղաք և ազատ արձակել՝ նրան թողնելով Իրանի դեսպանատան հետ կապվելու հեռախոսահամար։
Հետագայում ուշադրությունը կրկին կենտրոնացավ Նաբի-Շիտի վրա։
2025 թվականին Լիբանանում անհետացավ ընդհանուր անվտանգության ծառայության նախկին աշխատակից Ահմադ Շուքրը։ Նրա ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը AFP-ին հայտնել է, որ Ահմադը Հասան Շուքրի եղբայրն էր, որը «եղել է իսրայելցի օդաչու Ռոն Արադի գերեվարմանը մասնակցած խմբավորման մարտիկ»։
Լիբանանցի դատական պաշտոնյան հայտարարել է, որ առկա տեղեկությունները վկայում էին այն մասին, թե Ահմադին թակարդն են գցել Շվեդիայի երկու քաղաքացիներ, որոնք Լիբանան էին ժամանել առևանգումից երկու օր առաջ։ Նրանցից մեկը լքել է երկիրը Բեյրութի օդանավակայանով Շուքրի անհետացման օրը։
NYT-ի տվյալներով, Իսրայելի հիմնական վարկածն այն է, որ Արադին սպանել են 1988 թվականին Հասան Շուքրի զոհվելու վրեժը լուծելու համար։
2026 թվականի մարտին իսրայելցի զինվորականները հատուկջոկատայիններ ուղարկեցին Լիբանանի տարածքի խորքը՝ Արադի աճյունը գտնելու անհաջող գործողության շրջանակներում։ Գործողությունն ուղեկցվում էր Իսրայելի ինտենսիվ ավիահարվածներով, որոնց հետևանքով, տեղական իշխանությունների տվյալներով, Նաբի-Շիտի շրջանում զոհվել է առնվազն 41 մարդ։ Իսրայելական կողմից կորուստներ չեն եղել։
«Անցած գիշեր իրականացված գործողությունը չտվեց այն, ինչ մենք փնտրում էինք», — այն ժամանակ հայտարարել էր Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Իսրայելը և անձամբ ինքը մտադիր են շարունակել գերիների և անհետ կորածների որոնման հետ կապված բոլոր խնդիրների կատարումը։
Ավելի ուշ Արադի այրին հայտարարեց, որ ընտանիքը չի ցանկանում, որպեսզի նրա աճյունը հայտնաբերելու համար վտանգի ենթարկվի իսրայելցի զինծառայողների կյանքը։




















