ԱՄՆ-ը hարվածել է Քեշմ կղզուն իրենց ԱԹՍ-ին hարվածից հետո

ԱՄՆ-ը հարվածել է Քեշմ կղզուն իրենց ԱԹՍ-ին հարվածից հետո, հայտնել է Axios պորտալի և Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքի թղթակից Բարաք Ռավիդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երկուշաբթի գիշերը Քեշմ կղզուց հրթիռ է արձակել Հորմուզի նեղուցի վրայով թռչող ամերիկյան թռչող ապարատի ուղղությամբ։ Ինչպես հայտնել է ամերիկացի պաշտոնյան, դրանից հետո ԱՄՆ կործանիչը ինքնապաշտպանության նպատակով ոչնչացրել է գետնամերձ արձակման տեղակայանքը», - գրել է Ռավիդը։
Ավելի վաղ The Wall Street Journal թերթը հանդես էր եկել պնդմամբ, որ ԱՄՆ-ը նոյեմբերի 2-ին հարված է հասցրել Քեշմ կղզուն։ Հրապարակման մեջ ասվում է, որ ԱՄՆ-ն արդեն մի քանի շաբաթ է, ինչ փոքր մասշտաբի հարվածներ է հասցնում Իրանին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 2-ին հայտարարել էր, որ մտադիր չէ անմիջապես վերսկսել մարտական գործողությունները Իրանի դեմ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որոնք տեղի են ունենալու նոյեմբերի 3-ին։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նույն օրը հայտնել էր, որ հակամարտության դադարեցման շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև խորհրդակցություններում ձեռք է բերվել որոշակի առաջընթաց։
Նշենք, որ ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտարարել էր, որ իր ուժերը Հորմուզի նեղուցից արևելք որսացել և ոչնչացրել են ամերիկյան MQ-9 հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարքը:
ԻՀՊԿ-ն պնդում է, որ անօդաչուն խոցվել է օդատիեզերական պաշտպանության նոր՝ ժամանակակից համակարգի օգնությամբ: Ընդ որում, նշվում է, որ սա իրանական կողմից ոչնչացված MQ-9 տիպի արդեն 55-րդ ամերիկյան անօդաչու թռչող սարքն է:




















