top of page

ՉԼ․ Մադրիդի «Ռեալը» 3։0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին», ՊՍԺ-ն 5։2 հաշվով՝ «Չելսիին»․ այլ արդյունքներ

  • 2 hours ago
  • 2 min read

Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Մանչեսթեր Սիթիի» դարպասը (3-0):

Հանդիպման գլխավոր հերոս դարձավ մադրիդցիների ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, որը դեռ առաջին խաղակեսում դարձավ հաղթական հեթ-տրիկի հեղինակ: Ֆեդեն հաշիվը բացեց 20-րդ րոպեին՝ դարպասապահ Տիբո Կուրտուայի կատարած փոխանցումից հետո: Շատ չանցած՝ 27-րդ րոպեին, Վինիսիուս Ժունիորի փոխանցումից հետո Վալվերդեն կրկնապատկեց տանտերերի առավելությունը, իսկ 42-րդ րոպեին՝ արդեն Բրահիմ Դիասի օգնությամբ, ձևակերպեց հեթ-տրիկ՝ հաշիվը դարձնելով խոշոր:

Երկրորդ խաղակեսում «արքայական» ակումբը հնարավորություն ուներ էլ ավելի մեծացնելու հաշվի տարբերությունը, սակայն 58-րդ րոպեին Վինիսիուս Ժունիորը չկարողացավ դիպուկ իրացնել նշանակված 11 մետրանոց հարվածը: Մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չգրանցվեցին։

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 17-ին՝ Երևանի ժամանակով 00։00-ին։

Գործող չեմպիոն ՊՍԺ-ն սեփական հարկի տակ գոլառատ խաղում պարտության մատնեց Լոնդոնի «Չելսիին», իսկ նորվեգական «Բուդյո-Գլիմտը» տնային խաղում խոշոր հաշվով առավելության հասավ Լիսաբոնի «Սպորտինգի» նկատմամբ։

Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում ՊՍԺ-ն 5:2 հաշվով հաղթանակ տարավ անգլիական «Չելսիի» նկատմամբ:

Խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեց Բրեդլի Բարկոլան, սակայն լոնդոնցիներից Մալո Գյուստոն 28-րդ րոպեին վերականգնեց հավասարությունը։ 40-րդ րոպեին Ուսման Դեմբելեն կրկին առաջ մղեց փարիզեցիներին։

Երկրորդ խաղակեսում «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը (58′) ևս մեկ անգամ հավասարեցրեց հաշիվը, սակայն դրանից հետո դաշտում իշխում էին միայն տանտերերը: 74-րդ րոպեին Վիտինյան խփեց ՊՍԺ-ի երրորդ գոլը, իսկ հանդիպման վերջնամասում փայլեց վինգեր Խվիչա Կվարացխելիան՝ 86-րդ և 90+4-րդ րոպեներին դառնալով դուբլի հեղինակ ու ձևակերպելով վերջնահաշիվը:

ՊՍԺ-ն փլեյ-օֆֆի նախորդ փուլում երկու խաղերի արդյունքով հաղթել էր «Մոնակոյին» (5:4), իսկ «Չելսին» լիգայի փուլն ավարտել էր 6-րդ տեղում՝ վաստակելով 16 միավոր:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին Լոնդոնի «Սթեմբորդ Բրիջ» մարզադաշտում։

Զուգահեռաբար ընթացող խաղում նորվեգական «Բուդյո-Գլիմտը» «Ասպմյուրա» մարզադաշտում 3:0 հաշվով ջախջախեց պորտուգալական «Սպորտինգին»:

Տանտերերը խաղի ելքը վճռեցին դեռևս առաջին խաղակեսում. 32-րդ րոպեին Սոնդրե Բրունստադը անվրեպ իրացրեց 11-մետրանոցը, իսկ 45+1-րդ րոպեին հարձակվող Օլե-Դիդրիկ Բլոմբերգը կրկնապատկեց հաշիվը: Երկրորդ կեսում՝ 71-րդ րոպեին, Կասպեր Հյոգը խփեց երրորդ գնդակը։

Այս զույգի պատասխան հանդիպումը նույնպես նշանակված է մարտի 17-ին։ Երկու խաղերի արդյունքով հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի «Արսենալ» — «Բայեր» զույգի ուժեղագույնի հետ (առաջին հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով)։

 
 
1/2720
bottom of page