Պենտագոնը մարզում է 20 հազար զինվորականի՝ բողոքի ցույցերը ճնշելու համար
- Elen Hovsepyan

- 4 days ago
- 1 min read

Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է ԱՄՆ Ազգային գվարդիայի տասնյակ հազարավոր զինվորականներ պատրաստել ներքին գործողությունների՝ մասնավորապես զանգվածային անկարգություններին և փողոցային բողոքի ցույցերին արձագանքելու համար։ Դրա մասին հաղորդել են Wall Street Journal-ը, Washington Post-ը և The Guardian-ը։
Լրագրողների տվյալներով՝ Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը հրամայել է ամբողջ երկրում ստեղծել «արագ արձագանքման ուժեր», հաղորդում է Bild-ը: Ընդհանուր առմամբ, այն կներառի ավելի քան 20 հազար զինվորական, որոնք հատուկ մարզվել են ամբոխի վերահսկողության, ձերբակալությունների, մահակների և էլեկտրաշոկային զենքերի կիրառման մեջ։
Ազգային գվարդիան պաշտոնապես ենթարկվում է նահանգապետերին, բայց նախագահը կարող է այն դնել դաշնային հրամանատարության ներքո, եթե, ըստ նրա, ազգային անվտանգությանը կամ հասարակական կարգին սպառնալիք կա:
Թրամփն արդեն մի քանի անգամ օգտագործել է այս լիազորությունը։ Վերջին ամիսներին նա Ազգային գվարդիայի զորքեր է տեղակայել Լոս Անջելեսում, Պորտլենդում, Չիկագոյում և Վաշինգտոնում՝ չնայած տեղական իշխանությունների բողոքներին։ Այս գործողություններից մի քանիսը հետագայում դատարաններն անօրինական են ճանաչել։
«Մենք ունենք քաղաքներ, որտեղ իրավիճակը վերահսկողությունից դուրս է։ Մեր մարդկանց կուղարկենք այնտեղ և կվերականգնենք կարգուկանոնը»,- ասել է Թրամփը Ճապոնիա այցի ժամանակ։
Ազգային գվարդիան ԱՄՆ ռազմական պահեստազորի մաս է կազմում, որն ավանդաբար օգտագործվում է բնական աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ։




















