Հանուն համայնքի ու հանուն դպրոցի է արել. ՔՊ-ականը՝ եղբոր Opel-ը ՊՈԱԿ-ին 2 մլն-ով վարձով տալու մասին

Հիշեցնենք, երեկ «Հետք»-ը հոդված էր հրապարակել՝ ըստ որի ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբայրը՝ Տիգրան Համբարձումյանը, որը նաև ավագանու անդամ է, 300.000 դրամանոց «Opel» մակնիշի ավտոմեքենան 2 միլիոնով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին: Սահմանված ամենօրյա գրաֆիկով մեքենայով պետք է «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներին տեղափոխեն Սիսիան քաղաքի և հարակից գյուղերի դպրոցներ և ՆՈՒՀ-եր։
Կարեն Համբարձումյանն ասաց, որ մրցույթ է տեղի ունեցել, եղբայրը մասնակցել է։
«Տարեկան 2 միլիոն դրամը ամսական կազմում է 150 հազար դրամ՝ օրական 5000 դրամ։ Եթե որևիցե մեկին կգտնեք, որ իր մեքենան կտրամադրի օրական 5000 դրամով, խնդիր չկա, բոլորի համար մրցույթը բաց է եղել և բոլորը իրավունք ունեին մասնակցելու։ Եթե որևիցե մեկին ձեռնտու լիներ կամ լավ գին լիներ օրը 5000 դրամով այդ ծառայությունը իրականացնելը, կգային, կմասնակցեին։
Եղբայրս հանուն մեր համայնքի է արել։ 300 հազար դրամանոց մեքենայի վրա մոտավորապես մի այդքան էլ, մի քիչ ավելի գումար է ծախսել, որ իրականացվեր այդ ծառայությունը»,- ասաց ՔՊ խմբակցության պատգամավորը։
Նա նշեց, որ երեկ մամուլից է իմանցել. «Ամենայն ազնվությամբ, երեկ մամուլից եմ իմացել, որ նման բան է տեղի ունեցել, տեղյակ չեմ եղել, որ ինքը նման ծառայություն է մատուցում։ Խոսել եմ իր հետ։ Հանուն համայնքի ու հանուն դպրոցի է արել: Այսօր ցանկացած տաքսի 5000 և ավելի գումար է աշխատում, իսկ օրական 5000 դրամով այդ ծառայությունը մատուցելը հանուն համայնքի ու դպրոցի է։ Այդտեղ որևիցե արտառոց բան չկա, եթե հենց հիմա մի մասնակից լինի, պատրաստ ենք հրաժարվել, որովհետև ընդհանրապես այդ աշխատանքն ու ծառայությունը ոչ ձեռնտու ծառայություն է»։




















