10 անձի, այդ թվում՝ Իջևանի նախկին ղեկավարի՝ Վարուժան Ներսիսյանի, վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 1999-2011 թվականներին Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով պաշտոնեական դիրքը և նախնական համաձայնության գալով նախկին ԴԱՀԿ ծառայության Տավուշի մարզային ստորաբաժանման հարկադիր կատարողների հետ, կազմակերպել է համայնքին պատկանող երկու անշարժ գույքերի ապօրինի օտարումը։
Արդյունքում դրանք հարկադիր աճուրդով՝ շուկայական արժեքից էականորեն ցածր գներով, օտարվել են համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված անձանց։
Այնուհետև նշված անշարժ գույքերը, համայնքի սեփականությունից ապօրինի դուրս բերվելուց հետո, մի քանի անգամ փոխանցվել են փոխկապակցված անձանց միջև՝ դրանց իրական ծագումը թաքցնելու և վերջնականապես նախկին համայնքի ղեկավարի ընտանիքի տիրապետությանը հանձնելու նպատակով։
Նախաքննությամբ բացահայտվել են նաև համայնքային այլ գույքերի և հողատարածքների օտարման հանգամանքներ, մասնավորապես՝ 2005 թվականին Իջևանի համայնքին փոխանցված 2.24 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության հողատարածքը ենթակա չի եղել մասնավորեցման, սակայն հետագայում բաժանվել է առանձին միավորների և օտարվել։
Բացի այդ, 2007 թվականին անցկացված մրցույթների վերաբերյալ փաստաթղթերում, որպես մասնակիցներ նշվել են անձինք, որոնք իրականում ներկա չեն եղել մրցույթներին կամ որոնց մասնակցությունը չի հաստատվել։ Հետագայում այդ հողատարածքներից մի քանիսը վաճառվել են պետությանը՝ ձեռքբերման գներից էականորեն բարձր արժեքներով։
Քրեական վարույթի շրջանակում մեղադրանքներ են ներկայացվել ընդհանուր 10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարին։ Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։




















