Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին
- 2 hours ago
- 2 min read

2026 ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Աջակցելով ժողովրդավարական դիմադրողականությանը Հայաստանում» վերնագրով ռեզոլյուցիա, որի 12-րդ կետում արձանագրված է.
«Եվրոպական խորհրդարանը,
…
Վերահաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, ներառյալ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև նրանց անվտանգ, անարգել և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ համապատասխան միջազգային երաշխիքների ներքո, կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար պատասխանատուներին և հրավիրել միջազգային գնահատման առաքելություն»:
Մեջբերվածի առնչությամբ հարկ է նշել հետևյալը.
• Եվրոպական խորհրդարանը ճանաչում է Արցախի հայության` իրենց բնօրրան վերադառնալու իրավունքը:
• Վերադարձի պարագայում որևէ միջազգային երաշխիք չի կարող ապահովել արցախահայության անվտանգ, ապահով և ստեղծարար կենսագործունեությունն իր հայրենիքում: Արցախի հայության անվտանգությունը լիարժեքորեն կարող է ապահովել Արցախի Հանրապետության վերակազմյալ Պաշտպանության բանակը, որն իր գոյության ընթացքում օրինակելի կերպով իրականացրել է իր սահմանադրական պարտավորությունները:
2021թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացումը» վերնագրով ռեզոլյուցիա (որոշում), որի 1-ին կետի համաձայն՝ «Գլխավոր ասամբլեան… վերահաստատում է, որ բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացումը… հանդիսանում է մարդու իրավունքների արդյունավետ երաշխավորման և պաշտպանության ու այդ իրավունքների պահպանման և խրախուսման հիմնարար պայման»:
Մեջբերումից պարզ է դառնում, որ մարդու բոլոր իրավունքները կարող են արդյունավետ կերպով երաշխավորվել և պաշտպանվել, եթե իրականացվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Առանց միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման արցախահայության վերադարձն Արցախ, նույնիսկ միջազգային երաշխիքների պայմաններում, նշանակում է կամավոր կերպով Ադրբեջանին տալ հնարավորություն տեսանելի, կամ հեռավոր ապագայում Արցախի հայությանը կրկին ենթարկելու ցեղասպանության:
Արցախահայությունը միջազգային և ԽՍՀՄ ներպետական իրավական ակտերի համաձայն անթերի կերպով իրացրել է ինքնորոշման իր իրավունքը, վաղուց հարկն է, որ այդ իրավունքի իրացման փաստը ճանաչվի միջազգայնորեն: Եթե միջազգային հանրությունն իրապես ցանկանում է օգնել արցախահայությանը, ապա պետք է հողի վրա որևէ հետևանք չառաջացնող հայտարարություններից ու կոչերից անցնի գործնական քայլերի և ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացման արդյունք հանդիսացող Արցախի Հանրապետության անկախությունը:
• Թեև անժխտելի փաստերով ապացուցվել և գրեթե ամենօրյա պարբերականությամբ ապացուցվում է, որ օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի վարչակազմն Արցախում իրականացրել և իրականացնում է մշակութային ցեղասպանություն ի հեճուկս մշակութային ժառանգությունը պաշտպանելու մասին իր ստանձնած միջազգային հանձնառությունների ու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի պարտադիր կատարման ենթակա որոշման, Եվրոպական խորհրդարանն իր կողմից ընդունված վերոնշյալ պարտադիր կատարման ոչ ենթակա ռեզոլյուցիայում երեսպաշտորեն խուսափել է նշել, որ օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում իրականացվող հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման պատասխանատուն Ադրբեջանի վարչակազմն է:
Հետևաբար, մենք պետք է դուրս գանք մեր խնդիրներն այլոց օգնությամբ լուծելու անհուսալի մտայնությունից և դրանք լուծենք մենք և միայն մենք՝ առաջնորդվելով մեր ազգային, պետական շահերով: Ոչ ոքից չպետք է սպասել օգնություն:
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ




















