Վալոդյա Գրիգորյանի uպանության օրը եղել եմ տեղում, ոչ մեկի վրա գործ չի սարքվել, ապացույցներ կան. Արփինե Սարգսյան

Գրիգորյանի սպանության օրը եղել եմ տեղում, ոչ մեկի վրա գործ չի սարքվել, ապացույցներ կան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ ն անդրադառնալով Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալներից մեկի՝ Գևորգ Հարությունյանի՝ ոստիկանության ներկայացուցիչների հասցեին հնչեցրած մեղադրանքներին։
Նախարարը նշել է, որ տեղյակ է այդ հայտարարություններին, սակայն դրանց կարևորություն չի տալիս՝ ընդգծելով, որ դեպքի բացահայտման ընթացքում անձամբ գտնվել է Վաղարշապատի ոստիկանության բաժնում և համակարգել օպերատիվ աշխատանքները։
«Եթե ոստիկանությունը որևէ ձևով ուզենար որևէ մեկին ստիպել ցուցմունք կորզել, մենք դա կանեինք առաջին օրը։ Ինչո՞ւ պիտի սպասեինք մի քանի օր, ապացույցներ հավաքեինք, ցուցմունքներ ստանայինք»,- հայտարարել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ գործով առկա են ապացույցներ, այլ անձանց ցուցմունքներ և փորձաքննությունների արդյունքներ։ Նախարարը շեշտել է, որ ոստիկանությունը նպատակ չի ունեցել որևէ մեկի դեմ գործ սարքել կամ ապացույցներ կեղծել։
Սարգսյանը նաև հարց է բարձրացրել, թե ինչու է մեղադրյալը ոստիկանության կողմից ճնշումների ենթարկվելու մասին հայտարարություններ անում կալանքի տակ շուրջ մեկ տարի գտնվելուց հետո։
«Ինչո՞ւ է հիմա արվում այդ հայտարարությունը։ Միգուցե վարույթն արդեն տրամաբանական ավարտին է մոտենում, միգուցե այլ ակնկալիք կար, չեմ կարող ասել։ Դա իրեն պետք է հարցնենք»,- նշել է նախարարը։
Անդրադառնալով Ախտոյանների ընտանիքի՝ համայնքից հեռացմանը՝ Արփինե Սարգսյանը հաստատել է, որ ոստիկանությունն ի սկզբանե միջոցներ է ձեռնարկել ընտանիքին տվյալ համայնքից հեռացնելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ հետագայում վարույթն իրականացնող մարմնի կողմից կիրառվել է պաշտպանական որոշում՝ հարցին ավելի երկարաժամկետ ինստիտուցիոնալ լուծում տալու նպատակով։
Ընտանիքի ծախսերի հոգալու վերաբերյալ հարցին նախարարը մանրամասներ չի ներկայացրել՝ նշելով, որ այդ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն, և հավելել է, որ պետությունը փորձում է հնարավորինս աջակցել քաղաքացիներին։
Հարցին՝ արդյոք վարույթն իրականացնող մարմինն ունի ապացույցներ, որ Գևորգ Հարությունյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել և ոչ թե հարկադրանքի արդյունքում է իր վրա վերցրել մեղքը, Սարգսյանը պատասխանել է. «Վարույթ իրականացնող մարմինը ունի բոլոր ապացույցները»:




















