Նիդերլանդներում կոչ են արել բnյկոտել ԱՄՆ-ում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը
- 2 hours ago
- 1 min read

Նիդերլանդների իշխանություններին ուղղված միջնորդագիրը, որով կոչ է արվում հրաժարվել ԱՄՆ-ում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը մասնակցելուց, հավաքել է ավելի քան 170 հազար ստորագրություն և փոխանցվել երկրի խորհրդարանին: Բոյկոտի պատճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունն է, այդ թվում՝ Գրենլանդիայի վերաբերյալ նրա դիրքորոշումը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Հունվարի վերջին նիդերլանդացի լրագրող և մեկնաբան Թեուն վան դե Քեուկենը նախաձեռնել էր այս պետիցիան՝ պահանջելով իշխանություններից արգելել ֆուտբոլի ազգային հավաքականին մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք մրցաշարին։ Լրագրողը և միջնորդագրի համահեղինակները համարում են, որ մասնակցությունն անընդունելի է Միացյալ Նահանգների ագրեսիվ ռազմական միջամտությունների և Գրենլանդիայի նկատմամբ հնչեցրած հռետորաբանության պատճառով։ Երեքշաբթի օրվա դրությամբ ստորագրահավաքին միացել է արդեն ավելի քան 170 հազար մարդ։
Նիդերլանդների առողջապահության, սոցիալական ապահովության և սպորտի նախարարությունը նշել է, որ մասնակցության մասին որոշումը կայացնում է Նիդերլանդների թագավորական ֆուտբոլային միությունը, և կառավարությունն այդ հարցին չի միջամտում։ Այնուամենայնիվ, երեքշաբթի օրը պետիցիան պաշտոնապես փոխանցվել է խորհրդարանի քննարկմանը։
Հեղինակը հույս ունի, որ խորհրդարանը կհրավիրի սպորտի նախարարի ուշադրությունը այս խնդրի վրա՝ պնդելով, որ նման որոշումը չի կարող ընդունվել բացառապես ֆուտբոլային միության կողմից։




















