top of page

«Ծանր է մեր վիճակը»․ Թաթուլ Հակոբյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 2 min read
ree

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկվա լուրերի մեջ գրեթե կորավ Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունը: Արարատ Միրզոյանն արձագանքել էր իր թուրք գործընկերոջ խոսքերին: Հաքան Ֆիդանը հասկացնել էր տվել, որ Թուրքիա-Հայաստան սահմանը չի բացվելու, Անկարան Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատելու, քանի դեռ չկատարվեն մի քանի նախապայմաններ, այդ թվում Հայաստանի սահմանադրության փոփոխությունը:


Արարատ Միրզոյանի անհանգստությունը հասկանալի է: Թուրքիան ու Ադրբեջանը ստացել են ամեն ինչ, սակայն շարունակում են նախապայմաններ դնել: Կնիքից Արարատը հանում են, Արարատը փոխում են Արագածով, Արևմտյան Հայաստան են համարում Արմավիրի մարզը և ոչ Վանը, սակայն թուրքերը շարունակում են հարաբերությունները պայմանավորել Ադրբեջանին նոր զիջումներով:


Ծանր է մեր վիճակը: Մենք պարտվել ենք բոլոր ճակատներում, սակայն թույլ ենք տվել մի սխալ, որի հետևանքով Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի ներքին քաղաքականության հարցում դարձել են անուղղակի խաղացող:


Մենք խոստում ենք տվել փոխել Սահմանադրությունը, որով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագան կապել ենք մեր ներքին խնդրի հետ:


Հիմա ի՞նչ է ստացվում: Եթե Հայաստանի ժողովուրդը որոշի, որ մերժում է սահմանադրական փոփոխությունները, ապա դա Թուրքիային և առաջին հերթին Ադրբեջանին իրավունք է տալու նոր ճնշումներ բանեցնել Հայաստանի գործող իշխանությունների վրա՝ ի լրումն այն ճնշումների ու վերջնագրերի, որ արդեն իսկ բանեցրել է:


Մեծ է հավանականությունը, որ մինչև Սահմանադրությունից, ավելի ճիշտ՝ Անկախության Հռչակագրից Հայոց ցեղասպանության և Հայաստանի ու Արցախի վերամիավորման կետերը հանելը՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները կմնան այսօրվա վիճակում՝ հարաբերական խաղաղություն:


Իսկ վստա՞հ ենք, որ անգամ այդ պահանջը կատարելուց հետո իրավիճակը կփոխվի:


Իսկ ինչպե՞ս են արձագանքելու և գործելու մեր հարևանները, եթե Հայաստանի ժողովուրդը մերժի սահմանադրական փոփոխությունները:


Թուրքիան և Ադրբեջանը զգացել են Հայաստանի գործող իշխանությունների համը: Նրանք, հավանաբար կցանկանային, որ ևս հինգ տարի շարունակեն որպես խոսակից ունենալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:


Բայց արդյոք նրանք պատրա՞ստ են գնալ հարաբերությունների ամբողջական կարգավորման, եթե անգամ պարոն Փաշինյանը և ՔՊ-ն վերընտրվեն, իսկ Հայաստանն ունենա նոր Սահմանադրություն»:

bottom of page