top of page

«Վարդան Ղուկասյանի անձնական բժիշկը՝ Վահան Հակոբջանյանը, փորձում է տեսակցել նրան»․ Զարուհի Փոստանջյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 minutes ago
  • 1 min read

Փաստաբան Զարուհի Փոստանջյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Վարդան Ղուկասյանի անձնական բժիշկ՝ սրտաբան Վահան Հակոբջանյանի կոչ-հայտարարությունը․ «Ցավով տեղեկացա, որ պարոն Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կրկին վատթարացել է։ Ըստ նրա պաշտպանների՝ նա շարունակաբար գանգատվում է կրծքավանդակի սեղմող ցավերից, շնչառական դժվարություններից, ինչպես նաև շաքարային դիաբետի (արյան գլյուկոզայի) արտահայտված տատանումներից։


Լինելով պարոն Ղուկասյանի անձնական բժիշկը՝ անհասկանալի պատճառներով զրկված եմ նրան տեսնելու և անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու հնարավորությունից։ Փաստացիորեն շտապ բժշկական օգնության ծառայությունը ևս չի կարող մուտք գործել քրեակատարողական հիմնարկ։


Կոչ եմ անում և խնդրում՝ ցուցաբերել անհրաժեշտ և անհապաղ մոտեցում, քանի որ ցանկացած ուշացում կարող է ունենալ ճակատագրական հետևանքներ։


Պարոն Ղուկասյանը վերջերս դուրս է գրվել բժշկական կենտրոնից, որտեղ նրա մոտ, ի թիվս այլոց, ախտորոշվել են՝


• սրտի իշեմիկ հիվանդություն,


• կայուն ստենոկարդիա՝ III ֆունկցիոնալ դաս,


• սրտամկանի կրած ինֆարկտ,


• շաքարային դիաբետ՝ 2-րդ տիպ, ծանր ընթացքով,


• աորտայի լայնացում։


Վերլուծելով հիվանդի ուղեկցող հիվանդությունները՝ շաքարային դիաբետ (թիրախ օրգանների ախտահարումներով), հիպերտոնիկ հիվանդություն, աթերոսկլերոտիկ ախտահարում, որովայնային տիպի ճարպակալում, ինչպես նաև խոլեստերինի ֆրակցիաների տվյալները, հիվանդի վիճակը գնահատվել է որպես բարձր ռիսկային՝ ըստ SCORE2 սանդղակի։


Նշեմ նաև, որ կորոնար անգիոգրաֆիկ տվյալների համաձայն հայտնաբերվել են՝


• LAD զարկերակի մոտակա հատվածի 20% նեղացում,


• LAD միջին հատվածի 60% նեղացում,


• LCX միջին հատվածի էկտատիկ լայնացում,


• դիագոնալ D2 զարկերակի 90% նեղացում։


Այսպիսի բարձիթողի և անկայուն վիճակում զարկերակային ցանցի շարունակական անբավարարությունը կարող է հանգեցնել սրտամկանի սուր ինֆարկտի՝ իր բոլոր ծանր բարդություններով, ընդհուպ մինչև սրտի կանգ»։

Զարուհի Փոստանջյանը նաև հրապարակել է տեսանյութ այն մասին, որ ինքը և Վարդան Ղուկասյանի անձնական բժիշկը՝ սրտաբան Վահան Հակոբջանյանը ԱԱԾ-ի մուտքի մոտ են և փորձում են թույլտվություն ստանալ՝ տեսակցելուՎարդան Ղուկասյանին։

 
 
1/2600
bottom of page