Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին. Սա Սինանյանի առաջին այցն է Թուրքիա

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պոլսո հայոց պատրիարքարանը։
Հաղորդագրության մեջ նշված է, որ Զարեհ Սինանյանն ընդգծել է, որ իր՝ Ստամբուլ առաջին այցի ընթացքում ցանկանում էր ծանոթանալ Թուրքիայի հայ համայնքի հոգևոր կենտրոնի գործունեությանը։
Պոլսո Հայոց պատրիարքը շնորհակալություն է հայտնել Զարեհ Սինանյանին այցելության համար։ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Զարեհ Սինանյանին տեղեկություններ է փոխանցել պատրիարքական աթոռի, հայ համայնքի մասին, հաջողություն է մաղթել Սինանյանին և ընդգծել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը 3 օրով գործուղվել է Թուրքիա (Ստամփուլ)։
Սինանյանն այնտեղ հանդիպումներ կունենա հայ համայնքների ներկայացուցիչների, կրթական և մշակութային կենտրոնների, հայկական կազմակերպությունների, ինչպես նաև հայազգի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ՝ առկա կապերն ամրապնդելու և հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով։




















