top of page

«Ժողովուրդ». Մարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին

2 hours ago
1 min read

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մարզերում առաջիկայում իրավապահ համակարգի կողմից նոր գործողություններ են սպասվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահները մարզերում արդեն իսկ սկսել են ակտիվորեն հավաքագրել և ստուգել օպերատիվ տեղեկությունները, իսկ որոշ ուղղություններով գործընթացները կարող են վերածվել քրեական վարույթների և ձերբակալությունների։

Մեր տեղեկություններով՝ իրավապահների ակտիվությունը, ըստ ամենայնի, պայմանավորված է մի քանի գործոնով՝ այդ թվում՝ մարզերում ստացված օպերատիվ տվյալներով և առաջիկա ՏԻՄ ընտրություններով։

Հատկանշական է, որ հոկտեմբերի 25-ին մի շարք մարզերում և համայնքներում նախատեսված են համայնքապետի ընտրություններ, և հենց այդ ընտրական գործընթացին ընդառաջ իրավապահների գործողությունները կարող են նոր թափ ստանալ։

Արդեն իսկ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում իրավապահների կողմից իրականացվող գործողությունները, այդ թվում՝ կալանավորումները, ցույց են տալիս, որ գործընթացը միայն նախնական փուլում չէ։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս ամենով, սակայն, իրավապահների ակտիվությունը չի ավարտվելու, և առաջիկայում այլ մարզերում ևս կարող են նոր գործողություններ լինել։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահների ուշադրության կենտրոնում են լինելու նաև այն համայնքները, որտեղ առաջիկայում ընտրական պայքարը կարող է առավել թեժանալ։ Ըստ այդմ՝ չի բացառվում, որ ընտրություններից առաջ իրավապահների կողմից տարբեր համայնքներում տեղի ունենան ստուգումներ, խուզարկություններ, բերման ենթարկելու և այլ գործողություններ։

Թե հատկապես որ համայնքներում և ինչ դրվագներով են իրավապահները պատրաստվում գործողություններ իրականացնել, այս պահին հստակ չէ։ Սակայն ակնհայտ է, որ հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ մարզերում իրավիճակը գնալով թեժանում է, իսկ իրավապահ համակարգի ակտիվությունը կարող է դառնալ ընտրական գործընթացի կարևորագույն ուղեկիցը»։

 
 
1/3070
bottom of page