top of page

5 տարի Բաքվի բանտում գտնվող հայազգի գերին անօգնական, հուսահատ վիճակում է․ ՄԻՊ-ն ասում է՝ հրապարակման ենթակա տեղեկատվություն չունեն

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 14 minutes ago
  • 1 min read
ree

5 տարի Բաքվի բանտում գտնվող հայազգի գերին անօգնական, հուսահատ վիճակում է․ ՄԻՊ-ն ասում է՝ հրապարակման ենթակա տեղեկատվություն չունեն


Արդեն մի քանի օր է, Բաքվում բանտարկված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի կինը և փաստաբանն ահազանգում են նրա առողջական վիճակի վատացման մասին, հայտնում են, որ նա այլևս քայլել չի կարողանում։

Կինը՝ Լինդա Էուլջեքյանը, պատմել է, որ չնայած ոտքերի ցավին և սրտի հետ կապված խնդիրներին, բանտապահները հրաժարվում են տրամադրել բժշկի նշանակած դեղերը։ Այսպիսով՝ շուրջ 5 տարի Բաքվի բանտում գտնվող հայազգի գերին անօգնական, հուսահատ վիճակում է։


«Փաստինֆոն»փորձել էր ՀՀ ՄԻՊ-ից հասկանալ, թե ինչ քայլեր են կատարվում Բաքվում գտնվող հայազգի գերուն աջակցելու համար, առավել եւս այն պայմաններում, երբ Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեն այլևս չի գործում Ադրբեջանում։ Պարզվեց մեր ՄԻՊ-ն ասելիք չունի։  


Ի պատասխան մեր հարցի՝ ՄԻՊ-ից պատասխանել են, թե  Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի, այդ թվում՝ Վիգեն Էուլջեքչյանի իրավունքների պաշտպանության հարցերը շարունակում են գտնվել պաշտպանի ուշադրության կենտրոնում. իրականացվում են համապատասխան քայլեր, սակայն թե ինչ քայլերի մասին է խոսքը՝ ինչպես ամեն այնգամ, այս անգամ էլ գաղտնիք մնաց։ 

«Դրանց մանրամասները խորհրդապահական են՝ ելնելով հարցի զգայունությունից։ Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ ՄԻՊ աշխատակազմը Վիգեն Էուլջեքչյանի ընտանիքի, ինչպես նաև փաստաբանի հետ պարբերաբար կապի մեջ է: Նրանց կողմից բարձրացված տարաբնույթ խնդիրներ (իրավական, սոցիալական և այլն) Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների շրջանակում պարբերաբար հասցեավորվում են: 


Տեղեկացնենք նաև, որ հրապարակման ենթակա այլ տեղեկատվության առկայության դեպքում՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հանդես կգա հրապարակային»:

Վիգեն Էուլջեքյանը լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ ադրբեջանցիների կողմից գերեվարվել էր 44-օրյա պատերազմի ավարտից հետո՝ 2020-ի նոյեմբերի 10-ին, Շուշի ուղևորվելու ճանապարհին:

bottom of page