Ես համաձայն եմ Աննա Հակոբյանի հետ․ կրթված հասարակությունը հաստատ չի ընտրի Նիկոլ Փաշինյանին
«Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ընդգծելով, որ խոսքը բոլորովին էլ ակադեմիական կրթության մասին չէ, այլ այնպիսի գիտելիքներ ձեռքբերելու մասին, որոնք անհրաժեշտ են մեր սեփական կյանքը, մեր միջավայրը էլ ավելի լավը դարձնելու համար:
«Իշխանության 6-րդ տարում Աննա Հակոբյանը որոշեց կրթել ժողովրդին, երևի թե հասկանալով, որ իսկապես մեր ժողովրդի զգալի մեծամասնությունը ոչ թե կրթություն չունեն, այլ բառիս ուղիղ իմաստով տգետ են։ Եվ սա միակ դեպքն է, որ ես համաձայն եմ տիկնոջ հետ, որովհետև առողջ, կրթված ու կենսունակ քաղաքացիական հասարակությունը չի ընտրի Նիկոլ Փաշինյանին, կրթված ազգն այլևս չի հանդուրժի օրվա իշխանության պես իշխանություն»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր ակտիվիստ Արմինե Մելքոնյանը։
Կրթությունը միշտ արդիական է ու թրենդային։ Արմինեի խոսքով՝ միայն կրթված հասարակությունն է իմանում հայրենիքի ու պետականության կարևորությունը և թե ինչ է նշանակում այդ հայրենիքը չկորցնելը, պետականությունը վտանգի տակ չդնելը։
«Մեր հասարակության մեծ մասը չգիտի՝ որտե՞ղ է սկսվում և ավարտվում իր հայրենիքը և սոցիալական բացարձակ պատասխանատվություն չունեն երկրի ու հայրենակիցների նկատմամբ։ Դրա համար ես համաձայն եմ Աննա Հակոբյանի հետ, թող կրթվեն մեր հայրենակիցները, որ գուցե այլևս երբեք չունենանք իր պես առաջին տիկին, առավել ևս՝ իր ամուսնու պես երկրի առաջնորդ»,-հավելեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան