Իրանը կարևոր դեր կարող է ունենալ Հայաստանի անկախության ամրապնդման գործում
- 50 minutes ago
- 1 min read

Հայաստանի ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ Հայաստանի անկախացումից հետո Իրանը կարևոր դեր է ունեցել երկրի անկախության ամրապնդման գործում։ Նա այս մասին ասել է Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հիմնադրամի հիմնադիր, իրանագետ Փույա Հոսեինիի հետ համագործակցության հուշագրի ստորագրման արարողության ժամանակ։
Զուրաբյանի խոսքով՝ հայերն ու իրանցիները եղբայրական ժողովուրդներ են, իսկ երկու երկրների միջև համագործակցության հիմքերը ձևավորվել են դեռևս Հայաստանի անկախության առաջին տարիներից։
Նա հիշեցրել է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Արաքս գետի վրա կառուցվել է կամուրջ, որից հետո Հայաստանի և Իրանի միջև սկսվել է փոխշահավետ համագործակցություն։
Անդրադառնալով Արցախի հարցին՝ ՀԱԿ փոխնախագահը նշել է, որ այդ հարցում Իրանի քաղաքականությունը եղել է հավասարակշռված։ Նրա խոսքով՝ Իրանը փորձել է նպաստել տարածաշրջանի երկրների միջև խաղաղության հաստատմանը։
Զուրաբյանն անդրադարձել է նաև իրանահայերի նկատմամբ Իրանի վերաբերմունքին՝ նշելով, որ Իրանը հոգատար վերաբերմունք է ցուցաբերել իրանահայ համայնքի նկատմամբ։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանը և Իրանը փոխադարձաբար ունեն միմյանց կարիքը, ուստի անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ Հայաստանի անկախության ամրապնդման ուղղությամբ։ Այս համատեքստում նա կարևորել է Իրանի հնարավոր դերակատարությունը։
Զուրաբյանը նաև նշել է, որ հայ-իրանական համագործակցության հնարավորությունները բազմաթիվ են։ Հուշագրի ստորագրման արարողության ընթացքում քննարկվել են այդ համագործակցության հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ հայ-իրանական երկաթգծի կառուցումը, ինտերնետային մալուխի ստեղծումը, ինչպես նաև Իրանի տարածքով չինական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ներդրման համակարգի ձևավորումը։




















