Երիցվանքում պեղումները նոր բացահայտումներ են արել համալիրի պատմության վերաբերյալ
- 5 hours ago
- 1 min read

Սյունիքի մարզի Կապան համայնքում գտնվող Երիցվանք վանական համալիրի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցում ավարտվել է հնագիտական պեղումների առաջին փուլը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, հնագիտական արշավախումբը պեղումներ է իրականացրել հուլիս-օգոստոս ամիսներին։
Ըստ ավանդության՝ Երիցվանքը հիմնադրել է Սյունյաց եպիսկոպոս Երիցակը 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին։
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ պեղումների արդյունքները, մասնավորապես, հաստատել են այն ենթադրությունը, որ Երիցվանքը, հավանաբար, 10-11-րդ դարերում շրջապատվել է կրկնակի պարիսպներով և վերածվել անառիկ ամրոցի։
12-13-րդ դարերում համալիրի հյուսիսային կողմում կառուցվել է կրկնահարկ մատուռ-դամբարան։ Պեղումներն ավարտվել են, սակայն հնագետները շարունակում են հայտնաբերված գտածոների ուսումնասիրությունը՝ դրանց պատմությունն ու նշանակությունը պարզելու նպատակով։
Հնագիտական աշխատանքներին զուգահեռ իրականացվում են նաև համալիրի մեծ եկեղեցու վերականգնման նախագծի պատրաստման աշխատանքները։ Փոքր եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկայում։




















