Մարդուն առևանգելու, սպանության փորձի քրվարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ
- 3 hours ago
- 1 min read

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Հ.-ն Տ.Ղ.-ի, Գ.Պ.-ի և Ս.Վ.-ի հետ 2026 թվականի հուլիսի 16-ին ներս են մտել հյուրատան տարածք՝ Գ.Խ.-ին հայտնաբերելու և հաշվեհարդար տեսնելու նպատակով, սակայն նրան այնտեղ չգտնելով՝ հանդիպել են Գ.Խ.-ի ընկերոջը՝ Ա.Խ.-ին, որին զենքի գործադրմամբ սպառնացել են, հարկադրաբար դուրս են բերել հյուրատան տարածքից, այնուհետև վերջինիս կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենան և առևանգել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
«Ա.Խ.-ին առևանգելուց հետո՝ Ա.Հ.-ն, Տ.Ղ.-ն և Գ.Պ.-ն նկատել են Գ.Խ.-ին, ով ավտոմեքենայով երթևեկելիս է եղել: Այդ պահին Տ.Ղ.-ն ավտոմեքենայով փակել է Գ.Խ.-ի երթևեկության ուղղությունը՝ հարկադրելով նրան կանգնեցնել ավտոմեքենան, որից հետո Ա.Հ.-ն և Գ.Պ.-ն, իրենց մոտ առկա հրազեններով զինված իջել են ավտոմեքենայից և փոխլրացնելով միմյանց գործողությունները, խմբի կազմում, Գ.Խ.-ին սպանելու ուղղակի և միասնական դիտավորությամբ, առնվազն երեք անգամ կրակոցներ են արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ Գ.Խ.-ն ապօրինի ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող ատրճանակ և փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են դեպքի վայրի զննությամբ:
Այսպիսով, նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Տ.Ղ.-ի, Ա.Հ.-ի, Գ.Պ.-ի, Ս.Վ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից, զենքի գործադրմամբ մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու, հրազենի ապօրինի շրջանառության, իսկ Գ.Խ.-ի նկատմամբ՝ հրազենի ապօրինի շրջանառության համար:
Երկու անձ ձերբակալվել է, երեքի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում:
Կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում:




















