Ամերիկյան լուռ գերձայնային ինքնաթիռն ավարտեց իր առաջին թռիչքը
- Elen Hovsepyan

- Nov 1
- 1 min read

Անցյալ երեքշաբթի ԱՄՆ ռազմաօդային ուժերի գաղտնի բազայում հաջողությամբ ավարտվեց NASA-ի եզակի լուռ գերձայնային X-59 (QueSST) ինքնաթիռի առաջին փորձնական թռիչքը: Գաղափարը Lockheed Martin-ի ստորաբաժանում Skunk Works-ինն է:
X-59-ի մշակողներին հաջողվեց լուծել չափազանց բարդ խնդիր. օգտագործելով բոլորովին նոր աերոդինամիկա, ձայնային պատնեշը կոտրելիս նրանք վերացրին մինչև 140 դեցիբել հզորությամբ ձայնային հարվածները, որոնք նախկինում լուրջ խնդիրներ էին առաջացնում մոտակա քաղաքների բնակիչների համար։
X-59-ը բնութագրվում է անսովոր երկար, սրածայր քթով, հատուկ ձևավորված ֆյուզելաժով և թևերով, որոնք մեկ հարվածային ալիքը բաժանում են մի քանիսի, հաղորդում է Techkult-ը։ Արդյունքում, նախկին 140 դեցիբելը նվազեցվեց մինչև բավականին ընդունելի 60-80 դեցիբելի, որը մոտավորապես համարժեք է մեքենայի դռան՝ շրխկոցով փակվելու ձայնին։
Այնուամենայնիվ, հարկ է պարզաբանել, որ X-59-ի առաջին թռիչքը տեղի է ունեցել ենթաձայնային արագությամբ: Գերձայնային թռիչքները կսկսվեն առաջիկա ամիսներին՝ անմիջապես բնակեցված տարածքների վրայով, որից հետո NASA-ի մասնագետները նախատեսում են բնակիչներից արձագանքներ հավաքել ձայնի մակարդակի վերաբերյալ: Եթե արձագանքը դրական լինի, կարգավորող մարմինները կվերանայեն բնակեցված տարածքների վրայով ապագա գերձայնային ուղևորատար ինքնաթիռների թռիչքների արգելքը:




















