Բոլորի համար ենթակառուցվածքը շատ ավելի շահավետ կլինի եթե Երասխի հատվածը միացած լինի. ենթակառուցվածքները պետք է բացվեն սինխրոն. Մհեր Գրիգորյան. Ազատություն
- Elen Hovsepyan

- 3 hours ago
- 2 min read

«Ազատությունը» «Թրամփի ուղի» ծրագրի շուրջ զրուցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, ներկայացնում ենք զրույցից մի հատված.
«Ազատություն». -Պարոն Գրիգորյան, հայտնի է, որ Դուք զբաղվում եք ապաշրջափակման, նաև այս փուլում արդեն վաշինգտոնյան բանակցություններում ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմամբ։ «Թրամփի ուղի» ծրագրի շրջանակը հստակեցնելու շուրջ աշխատանքներն, ըստ այդ համաձայնության, պետք է իրականացվեն, ի՞նչ փուլում են։
Մհեր Գրիգորյան. - Այո, աշխատանքներն ընթանում են: Ըստ էության, բավականին խորը դետալիզացված քննարկվում են ենթակառուցվածքների տեսքը, ձևը և բովանդակությունը։
«Ազատություն». -Ի՞նչ է ներառելու «Թրամփի ուղի» ծրագրի շրջանակը, այդ 42 կմ-ը, թե՞ ինչ: Հստա՞կ է, թե ինչ է ներառելու։
Մհեր Գրիգորյան. - Գիտեք, ես կարծում եմ սկզբունքային իմաստով հռչակագիրն այդ հարցի պատասխանը տալիս է։ Դա բոլոր տեսակի տրանսպորտային կապերն է և՛ էներգետիկ, և՛ ճանապարհներ, և՛ երկաթգիծ, բոլոր տեսակի:
«Ազատություն». - Բայց այդ 42 կմ հատվածո՞ւմ միայն:
Մհեր Գրիգորյան. - 42 կմ-ը, որ Դուք ասում եք, 42 կմ-ը դա երկաթգծի երկարությունն է, մնացած ենթակառուցվածքները դեռևս տեխնիկական զննության և բիզնես պլանավորման կարիք ունեն։ Գիտեք, ես կարծում Դուք վիզուալ այլ կերպ եք պատկերացնում։ Դա ոչ թե հանգույց է, որը լինելու է հենց կոնկրետ մեկ կետում, կամ մեկ վայրում կամ մեկ գծով, դա ուղղակի կախված ենթակառուցվածքից, յուրաքանչյուր ենթակառուցվածք կունենա իր տեխնիկական նկարագիրը և նախագիծը։ Իսկ 42-ից 43 կմ հատվածը, վստահեցնում եմ Ձեզ, որ խոսքը գնում է երկաթգծին, որովհետև երկաթգծի ուղին այլևս պարզ է, ինքը փոփոխելու խնդիր չունի, որովհետև, խոսքը գնում է Խորհրդային Միության ժամանակվա երկաթգծի վերականգնման մասին, որի պարամետրերը շատ օբյեկտիվ են և կոնկրետ։
«Ազատություն». -Հստա՞կ է, պարոն փոխվարչապետ, առաջին փուլում ի՞նչ ենթակառուցվածք է սկսվելու, որի՞ց է սկսվելու կառուցումը։
Մհեր Գրիգորյան. - Ես հիմա չէի ցանկանա առաջ ընկնել, բայց, ես կարծում եմ, մեր մինչ օրս կատարված աշխատանքների իմաստով ամենահասուն լուծումները երկաթգծի մասով են: Որովհետև երկաթգիծը... նախ՝ դրա վրա շատ ենք աշխատել՝ ենթակառուցվածքի վրա, 2-րդը՝ ենթակառուցվածքի պարամետրերը շատ ավելի հայտնի են, քան մնացած բոլոր։ Ինչո՞ւ, որովհետև խորհրդային ժամանակահատվածում երկաթգիծը եղել է, և դա պետք է վերականգնվի, մնացած տրանզիտ ենթակառուցվածքները հայտնի պատճառներով Խորհրդային Միության ժամանակահատվածում գոյություն չեն ունեցել, և դրանք պետք է նախագծվեն զրոյից։ Եվ դա է պատճառը, որ ավելի կոնկրետ պարամետրերի մասին չեմ կարողանում ձեզ հետ հիմա խոսել։
«Ազատություն». -Կնշե՞ք երկաթգծի կոնկրետ ուղին, հենց ա՞յդ հատվածը, որը պետք է Ադրբեջանը կապի իր էքսկլավի հետ:
Մհեր Գրիգորյան. - Մենք 20-21 թ-ից սկսած երկաթգծի ենթակառուցվածքի այդ հատվածը քննարկել ենք Երասխն էլ ներառյալ՝ Նախիջևանի գծով և մեր հարավից։
«Ազատություն». -Հիմա՞ էլ է նույն տրամաբանությամբ:
Մհեր Գրիգորյան. - Այո, այո, որևէ տրամաբանություն չի փոխվել այդ իմաստով:
«Ազատություն». - Իսկ ամերիկյան կողմը նաև Երասխի՞ հատվածում է ներդրումներ անելու:
Մհեր Գրիգորյան. - Ձեր հարցին կպատասխանեմ հետևյալ կերպ։ Այնուամենայնիվ, բոլորի համար, բոլոր կողմերի համար հասկանալի է, որ ենթակառուցվածքը շատ ավելի շահավետ կլինի, շատ ավելի խորը իմաստ կունենա և ավելի շատ ռեգիոնալ տրամաբանություն ամրապնդված կունենա, եթե Երասխի հատվածը միացած լինի։
«Ազատություն». - Բայց, ըստ պայմանավորվածության, այդտեղ Երասխի հատվածը ամերիկյան ներդրումներ են լինելու, թե՞ հայկական:
Մհեր Գրիգորյան. - Ըստպայմանավորվածությունների՝ խոսքը գնում է ենթակառուցվածքային ռեգիոնալ ինտեգրացիայի մասին, նշանակում է՝ բոլոր հնարավոր կապերը պիտի իրականություն դառնան, հակառակ դեպքում՝ ենթակառուցվածքի ֆրագմենտը չի կատարի այն դերը, չի ունենա այն դերը, որի մասին մենք խոսում ենք։
«Ազատություն». - Սինխրո՞ն են բացվելու այդ ճանապարհները։
Մհեր Գրիգորյան. -Իհարկե, պետք է սինխրոն բացվի, հակառակ դեպքում ինքը ուղղակի չի աշխատի լիարժեք։




















