top of page

«Փաստ». Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը, և ավանդույթի համաձայն, այս տարի ևս անցկացվեց «Թանգարանների գիշեր» ծրագիրը, որի շրջանակներում անվճար սկզբունքով մինչև կեսգիշեր բաց էին հանրապետության 118 թանգարանի դռները: Ցուցադրությունից զատ, մի շարք թանգարաններում անցկացվեցին տարբեր միջոցառումներ: Այս տարին, սակայն, ուշագրավ էր նաև նրանով, որ Հայաստանի թանգարանների ցանկը համալրվեց ևս մեկով. Team Telecom Armenia-ն «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում վերաբացեց Կապի թանգարանը։ Թանգարանում առաջին շրջայցն անցկացրեց ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների համար։

Նրա խոսքերով, չնայած Կապի թանգարանի երիտասարդ լինելուն, այն պահպանում է հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման մի քանի դարյա պատմություն։ «Հպարտ ենք, որ կարող ենք այս հարուստ ժառանգությունը ներկայացնել և նորարարական մտածելակերպով ոգեշնչել այցելուներին։ Team-ը, որպես Հայաստանի առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդ, շարունակում է գրել ոլորտի պատմությունը՝ ներդնելով ամենաարդիական տեխնոլոգիաները: Մեր նպատակն է ոչ միայն պահպանել անցյալի ձեռքբերումները, այլև ձևավորել ապագան»,-ասաց Եսայանը:

Կապի թանգարան այցելությունը եզակի հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիաների զարգացման պատմությամբ, ցանկանում են տեսնել անցած դարում օգտագործված կապի սարքեր և ավելին իմանալ թվային հեղափոխության մասին: Ի դեպ, նշենք, որ Կապի թանգարանը կգործի յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 13:00-ից 16:00-ն, իսկ խմբային այցերի համար անհրաժեշտ կլինի նախապես գրանցվել»:

bottom of page