top of page

ԱԺ դահլիճից դուրս լավ էլ ջերմ շփվում են նիկոլականների հետ

Սեպտեմբերի 25-ին Հայաստանում Չինաստանի դեսպանատանը նշեցին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 75-րդ տարեդարձը։ Միջոցառմանը հրավիրված էին տարբեր բարձրաստիճան դեմքեր, նաև պատգամավորներ իշխանական և ընդդիմադիր խմբակցություններից։ 

MediaHub-ին պատմեցին, որ ընդդիմադիր պատգամավորները շատ ջերմ շփումների մեջ էին հատկապես իրենց ոխերիմ թշնամի համարվող ՔՊ-ական պատգամավորների հետ։ Թեպետ՝ նրանք ոխերիմ թշնամի են միայն միտինգից միտինգ մեկ էլ առիթից առիթ՝ դահլիճում, երբ պետք է շոուներ բեմադրել ու հասարակությանը կերակրել դրանցով, թե ինչ խրոխտ և անզիջում ընդդիմություն է հավաքված խորհրդարանում։ Իսկ դահլիճից ու, հատկապես, «հայրենքը փրկող» միտինգներից դուրս՝ գործուղումներին, միջոցառումներին կամ գուցե գործից դուրս մասնավոր հանդիպումների ժամանակ այդ նույն ընդդիմադիրները լավ էլ ջերմ շփվում են իշխանականների հետ։ 

MediaHub-ին ուղարկած տեսանյութում և լուսանկարներում հեռվից երևում է, թե ինչպես են ՔՊ-ական պատգամավորների հետ բերանները բաց՝ ջերմ զրուցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Մասնավորապես՝ իր որդուն Նիկոլ Փաշինյանի «սարքած» պատերազմում հանուն ոչնչի կորցրած Գեղամ Նազարյանը, որը վաղուց այլևս չի քննադատոմ Փաշինյանին ու վախենում է նրան մի թթու խոսք ասել, էլ չենք ասում՝ դավաճան անվանել, ջերմ զրույցի էր բռնվել ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանի հետ։ Վերջինս ՔՊ-ի ամենահամեստ ու կորած դեմքերից չէ՝ բավականին ակտիվ կուսակցական է և բնավ էլ չեզոք դիրքերից հանդես չի եկել, այլ մշտապես քամահրանքով է արտահայտվել ընդդիմության հասցեին, քննադատել, ծաղրել, այդ թվում՝ նույն այդ Գեղամ Նազարյանին։ Ու այսօր Նազարյան Գեղամը ջերմ զրուցում էր Քրիստինե Պողոսյանի հետ։

 


Ասացին՝ բավականին երկար ժամանակ:

Հիմա կասեք՝ դե, հո, ամբողջ կյանքում թշնամի չե՞ն մնալու, ճիշտ այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակից նիկոլականներն են ասում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասով, թե՝ պետք է վերացնեն դարավոր թշնամանքը և նորմալ հարաբերություններ կառուցեն։ Ընդդիմությունն էլ քննադատում է նրանց այդ հարցում։ Քննադատում են ու նույն կերպ վարվում արդեն նիկոլականների հետ հարաբերություններում՝ «կոտրելով դարավոր թշնամանքը»։

Դե, հիմա, եթե Հայաստանի իշխանությունները կարող են ներել կամ մոռանալ, որ Թուրքիան 100 տարի առաջ կոտորել է մեզ, Ադրբեջանն էլ՝ չորս տարի առաջ հարձակվել Արցախի վրա և հայաթափել Արցախը, մեր ընդդիմությունն էլ կարող է նույն կերպ ներել կամ մոռանալ, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը՝ «հանուն ոչնչի» զոհելով հազարավոր հայորդիների արյունը։

Գեղամ Նազարյանից բացի պակաս ջերմ և հրճվանքով չէր այդ նույն ՔՊ-ականների հետ շփվում նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որի հանդեպ այդ նույն ՔՊ-ական պատգամավորները ինչ նենգ ու ստորացուցիչ քայլի ասես չդիմեցին։ Բայց այդ օրը գեներալ-գնդապետ Օհանյանը մոռացության էր տվել այդ ամենն ու լայն ժպիտով ասում-խոսում էր իրեն պարբերաբար պախարակող, իր վրա հարձակվող, իրեն թալանի ու կոռուպցիայի մեջ մեղադրող, ծաղրող, վիրավորող, քացի տվող և նվաստացուցիչ պիտակավորումներ հասցնող նիկոլականների հետ։ 

 


Այսքանից հետո մեզ մնում է միայն հաջողություն մաղթել մեր թունդ ընդդիմադիրներին իրենց կառուցողական շփումներում «երկիրը կործանման հասցրած» նիկոլականների հետ, ինչպես սիրում են այդ նույն ընդդիմադիրները շեշտել ՔՊ-ականների հասցեին։ 

Տեսանյութն այստեղ

Վահե Մակարյան

Comments


bottom of page