Հովիկ Աղազարյանը չի հերքել, որ կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքեր է կազմակերպել. Կոնջորյան

«Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակման, արտահոսքեր է կազմակերպել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նա մանրամասնեց, որ փակ քննարկման ժամանակ հնչած տեղեկատվությունը, որն այդ թվում վերաբերում է ոչ թե ներքաղաքական, այլ պետական, ազգային անվտանգության և այլ հարցերի, արտահոսք է կազմակերպվել. «Տարբեր գործերով վարույթներ կային հարուցված, որտեղ Հովիկ Աղազարյանի անունը նաև շոշափվում էր: Երբ գործողություններ են իրականացվել այդ վարույթների շրջանակներում, ըստ էության, դուրս են եկել նաև այլ ինֆորմացիաների վրա»։
Հ. Կոնջորյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ Հովիկ Աղազարյանը չի հերքել այդ տեղեկատվությունը:
«Առնվազն այն կտորներով, որոնց մասին, որ խոսվել է վարչության նիստի ժամանակ, ինքը չի հերքել»,- ասաց ՔՊ-ականը։
Նա նաև ասաց. «Եթե մենք ճնշեինք, Հովիկ Աղազարյանը մանդատը շատ հանգիստ կդներ։ Մենք հենց այդ է՝ չենք ճնշել, խնդրանք է»:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստում վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։