«Իզուր մոտեցաք ամբիոնին, եթե Ձեզ հարց չեն տալիս մի՛ պատասխանեք», «Ի՞նչ, կոմպլեքսավորվում եք ինձ հարց տալուց». բանավեճ՝ ԱԺ-ում
ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը մեջբերեց 2021 թվականի և 2024 թվականին Եռաբլուրում Նիկոլ Փաշինյանի արած երկու ելույթներից իրար հակասող հատվածներ:
Ելույթներից մեկում Փաշինյանը նշել է, որ մեր նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել պետություն ունենալու համար, մյուսում, որ մեր տղաները զոհվել են այն բանի համար, որ երբ Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել՝ Ղարաբաղի հարցը լուծված չէ, որովհետև Ադրբեջանի պլանը հենց դա էր, որ Ղարաբաղի հարցը լուծեր, որ ֆիզիկապես Ղարաբաղում ոչ մի հայ չմնար:
«2 մեջբերումն էլ նույն մարդուց է՝ ՆՓ-ից, ո՞ր խոսքին հավատա ՀՀ քաղաքացին: Արցախը կա ասելով դու Արցախը հանձնել ես Ադրբեջանի նախագահին, հիմա պետություն ունենալու նոր հնարավորությո՞ւն ես տեսնում, թե ՞իշխանության մնալու հնարավորություն»,- ասաց Վարդանյանը:
Նա հավելեց, որ այդ մարդուն հարց չունի տալու և որ հարց է տալիս ՀՀ քաղաքացիներին, զոհերի հարազատներին՝ հազարավոր մարդկանց կյանքի վրա այսպես մանիպուլյացիա անողին ի՞նչ անուն կտան, ինչպե՞ս կբնութագրեն:
Փաշինյանն այդուհանդերձ արձագանքեց Վարդանյանի հարցին՝ ասելով, որ երկու մեջբերումն էլ ճիշտ են և որ Վարդանյանի կողմից երկու մեջբերումների միջև ընկած թվացյալ հակադրությունները ամբողջությամբ մեկնաբանված են:
Աղվան Վարդանյանն էլ արձագանքեց. «Իզուր մոտեցաք ամբիոնին, ես Ձեզ հարց չէի ուղղել, եթե Ձեզ հարց չեն տալիս, մի՛ պատասխանեք»:
Փաշինյանն էլ հետաքրքրվեց՝ եթե իրեն հարց չունի պատգամավորն ապա ինչո՞ւ է արձագանքում: «Արձագանքում եք, ուրեմն հարց ունեք: Ի՞նչ, կոմպլեքսավորվո՞ւմ եք ինձ հարց տալուց, թե՞ մտածում եք ինչ-որ բան ասեք, այնպես անեք, որ ես ամբիոնին չմոտենամ, որ հետո ասեք՝ տեսաք ինչ հարց տվեցի, չկարողացավ պատասխանել: Դուք ՀՀ քաղաքացիներին եք դիմում, ես այստեղ մոտեցել եմ որպես ՀՀ քաղաքացիների ներկայացուցիչ»,- ասաց Փաշինյանը: