top of page

Հայաստանի առաջին արբանյակի շուրջ քրեական վարույթը պետական գաղտնիք է պարունակում. Hetq.am

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 10 hours ago
  • 1 min read

Հայաստանի առաջին արբանյակի վերաբերյալ քրեական վարույթը պետական գաղտնիք է պարունակում, իսկ արբանյակի կառավարման կենտրոնն ու ընդունիչ կայանը շահագործման են հանձնվել առանց հանրայնացման: Այս մասին գրում է Hetq.am-ը:

2022 թ. մայիսի 25-ին տիեզերք արձակված Հայաստանի առաջին արբանյակի՝ ARMSAT-1-ի մասին տեղեկություններն ավելի շատ գաղտնիք են պարունակում, քան հանրությանը հասանելի տվյալներ:

2024-ի աշնանը մամուլը գրեց, որ արբանյակի վերաբերյալ առկա է քրեական վարույթ, որով նախաքննություն է ընթանում Հակակոռուպցիոն կոմիտեում: Սակայն Գլխավոր դատախազությունը թեմայի շուրջ լրագրողների հարցումներին չի պատասխանում՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի այն դրույթին, որի համաձայն՝ տեղեկության տրամադրումը մերժվում է, եթե այն պարունակում է պետական, բանկային, առեւտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն:

Դատախազությունը միայն հաստատում է, որ կա քրեական վարույթ, իսկ մնացածի մասին լռում է:

Այդուհանդերձ, իրավապահ համակարգում «Հետքի» աղբյուրը փոխանցել է, որ վարույթի նյութերի վրա դրվել է «Գաղտնի» դրոշմագիրը, ինչը նշանակում է, որ դրանք պարունակում են պետական գաղտնիք: «Պետական գաղտնիքի մասին» օրենքի համաձայն՝ գաղտնիության «Գաղտնի» աստիճանին համապատասխանում են այն տեղեկությունները, որոնց տարածումը կարող է էական վնաս հասցնել ՀՀ ազգային անվտանգությանը կամ շահերին:

Համադրելով սուղ տեղեկությունները՝ ստացվում է հետեւյալ պատկերը: Կա պետական գաղտնիք պարունակող ինֆորմացիայով քրեական վարույթ, որը գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեի (ՀԿԿ) տիրույթում:

2024 թ. Կառավարության որոշման համաձայն՝ ՀԿԿ-ն իրավունք ունի տնօրինել, գաղտնագրել ու գաղտնազերծել հետախուզական, արտաքին հետախուզական, հակահետախուզական եւ օպերատիվ-հետախուզական ոլորտի մի շարք տեղեկություններ, այդ թվում՝ հետախուզական, արտաքին հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության ուժերի, միջոցների, աղբյուրների, մեթոդների, պլանների եւ արդյունքների, ինչպես նաեւ այդ գործունեության ֆինանսավորման մասին տվյալները, եթե դրանք բացահայտում են թվարկված տեղեկությունները:

1/2189
bottom of page