Սա՞ է Նիկոլ Փաշինյանի խաղաղությունը, որ ամեն օր կրակում են․ խոզնավարցիները չեն հավատում իշխանությանը
- Elen Hovsepyan
- 2 days ago
- 2 min read

Թշնամին այսօր գիշեր կրկին կրակել է Սյունիքի ուղղությամբ․ ՊՆ-ն հայտնել է, որ մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։
Մինչ Նիկոլ Փաշինյանը զբաղված է «շատ» կարևոր գործով՝ ատելության քարոզով, եկեղեցականների հասցեին հայհոյանքներ գրելով, ադրբեջանական ԶՈՒ–ն շարունակում է կրակել հայկական բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել ՀՀ սուվերեն տարածքը։ Վերջին ամիսները ապացուցում են՝ միայն խաղաղության պայմանագիր ասելով չի, ու մինչ երկրի ղեկավարը այդ պաշտոնին ոչ հարիր բառապաշարով ֆեյսբուքյան ստատուսներ է գրում ու հայհոյում, թշնամին պարապ նստած չի, այլ շարունակում է իր հայատյաց ու հայասպան քաղաքականությունը:
MediaHub-ը պարբերաբար անդրադառնում է ադրբեջանական կողմի հարձակումներին, մշտապես կապի մեջ ենք Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ: Խոզնավարի բնակիչը մեզ հետ զրույցում հավաստիացրեց՝ մարտի 22-ից սկսած Խոզնավար, Խնածախ, Արավուս և Տեղ բնակավայրերում հանգիստ չկա։
«Ամեն օր էլ կրակում են, բնակելի տան սանհանգույցը, որը նշում են, թե այսօր են կրակել, այդպես չի։ Երեկ են կրակել, ուղակի այսօր է տան տերը հայտնաբերել, փամփուշտը գտել։ Իսկ եղջերավոր կենդանին՝ ոչխարը նույն տան բնակչինն է։ Իր տունը գտնվում է գյուղի կենտրոնում»,– MediaHub-ի հետ զրույցում նշեց խոզնավարցին։
Վերջինիս խոսքով, մի քանի օր է, ուշ գիշերն էին կրակում, բայց այսօր կրակել են ժամը 22:00-ից սկսած:
«Մարդկանց ուղեղները թափել է ուղղակի, արդեն չգիտես՝ ի՞նչ ասես։ Այս վիճակն արդեն այսքան ժամանակ է կա, գյուղից գնալը լուծում չի։ Կարո՞ղ է մենք մի բան չենք հասկանում, չե՞նք հասկանում խաղաղությունն ինչ է, կարո՞ղ է սա է Փաշինյանի խաղաղությունը, որ ամեն օր կրակում են»,- հարցադրում է անում Խոզնավարի բնակիչը։
Նշենք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունն հաղորդագրություն էր տարածել, որ մայիսի 29-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։
Մարիաննա Արամյան